21 Դեկտեմբեր, Շբ
Քանի որ յուրաքանչյուր եկեղեցի Աստուծո արքայության մի բաղկացուցիչ ու գործունյա տարրն է և միանգամայն ներկայացնում է յուր մեջ Աստուծո արքայությունը կամ Քրիստոսի թագավորությունն, ազգայնության բնական հիմքերի վրա հաստատված, հետևաբար յուրաքանչյուր եկեղեցի կկրե այն ազգի կրոնական ներքին կյանքի ու դորա արտաքին արտահայտությանց դրոշմն, որի փրկարանն է ինքը: Ներքին և արտաքին կյանքի արտահայտությունը հավատքի վարդապետությունն է և հոգեբուղխ աստվածպաշտությունը: Այդ երկու արտահայտությանց մեջ, անշուշտ, կփայլի ազգային հոգին, որպեսզի հավատքն և աստվածպաշտությունը բնական լինին և ուրեմն թե՛ Աստուծո հաճելի և թե՛ ճշմարիտ հաղորդակցություն դառնա նորա հետ: Ակնհայտնի է, որ յուրաքանչյուր եկեղեցի, տարբեր դրոշմ կրելով, այլապես կձևակերպվի, իսկ այդ հանգամանքից կհառաջանան թե՛ հերձվածողներ (հերետիկոս), այսինքն` ճշմարիտ եկեղեցու վարդապետության այս ու այն դավանական հիմքը փոփոխող ու փոխողներ, թե՛ աղանդավորներ, այսինքն` այս ու այն դավանական վարդապետությունը ուղղակի և հիմնովին ժխտողներ ու մերժողներ: Ուստիև հարկ է գիտենալ այն նշաններն, որոնցով ճանաչվում է ճշմարիտ եկեղեցին:
Աստուծո արքայության մեջ յուրաքանչյուր անհատի էական նշանակություն ունենալը պարզապես ցույց է տալիս, որ ո՛չ եկեղեցու անդամների բազմությունը, ո՛չ արտաքին շուքը և ո՛չ աշխարհային որևիցե ուժ ու մեծություն չեն կարող եկեղեցու ճշմարտության նշան ծառայել: Մեկ ճշմարիտ հավատացյալը Աստուծո արքայության համար առավել մեծ նշանակություն ու տեղ ունի, քան թե բյուր թերահավատներ ու մոլորյալներ, որոնք դեռ նոր ի նորո կարոտ են դարձի[1]: Ըստ այդմ և ընկած մարդկության բազմության մեջ Աստուծո եկեղեցին է հանդիսանում մի Նոյ յուր ընտանիքով, մի Աբրահամ յուր զավակներով, մի Եղիա 7000 աստվածապաշտներով (Գ Թագ., ԺԹ 18), և երկնավոր ուրախությունն անհամեմատ է մեկ մեղավորի դարձով (Ղուկ., ԺԵ 7, 10. Հռ., ԺԱ 2-8): Եվ Քրիստոս յուրաքանչյուր հավատացյալի, հետևաբար և յուրաքանչյուր եկեղեցու ճշմարտությունը ճանաչելու համար նշան է տալիս նորա պտուղը կամ արդյունքը (Մատթ., Է 15), իսկ այդ արդյունքն ակներև որոշվում է այն հարաբերությամբ, որ պետք է ունենա ամենայն եկեղեցի դեպի Քրիստոս և այն կենսական ընթացքով, որ ստացել է յուրաքանչյուր ճշմարիտ եկեղեցի նույնիսկ Քրիստոսից: Այս հիմնական հարաբերությունից և ընթացքից բղխում են ճշմարիտ եկեղեցու չորս էական նշաններն, այն է` միություն, սրբություն, ընդհանրականություն և առաքելականություն, որոնք և դավանում ենք Հավատամքի մեջ:
1. Եկեղեցին մի է, վասնզի մի է նորա միացուցիչ գլուխն և Տերը, մի է նորա առաջնորդող Ս. Հոգին և մի ս. խորհուրդների փրկագործությունը, մեր կոչման հույսն ու մեր հավատքն` ըստ բարոյական ու դավանական վարդապետության[2], զի և մենք իբրև Քրիստոսի մի մարմինը մի ենք կամ մի մարդկություն ենք կազմում: Այս միության որոշումից արդեն հետևում է, որ եկեղեցու միությունը հոգևոր է, սակայն հոգևոր միությունը կարող է միմիայն բազմատեսակության մեջ հայտնվել[3]. ըստ որում և ինչպես Սուրբ Հոգին բազմատեսակ է շնորհաբաշխում, և Քրիստոս յուր փրկությունն ոչ թե մեկ, այլ շատ առաքյալներով է տարածում, այնպես էլ յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր ազգ, առանձին հոգևոր աշխարհ ներկայացնելով յուր մեջ, առանձին կերպով է հաղորդակից լինում Աստուծո հետ և փրկությունը յուրացնում: Աստուծո և մարդու այս փոխադարձ հարաբերության առանձնահատկությունից հետևում են և առանձին եկեղեցիներ` ըստ տեղական հանգամանքների, ամեն մի ազգի հոգեբուղխ արարողությանց, կենսակից ծեսերի, բարեհարմար կարգերի ու կանոնների և բնահատուկ լեզվի: Ինչպես որ յուրաքանչյուր անհատ, մանկությունից ի վեր կրթվելով յուր եկեղեցու ծոցում, դիմում է դեպի քրիստոնեական կատարելություն առանց կորցնելու յուր անհատականությունն, այնպես էլ յուրաքանչյուր ազգ փրկվում է յուր եկեղեցում ազատապես և յուրաբար, այսինքն` դարձյալ պինդ պահելով յուր անհատականությունը: Վերջացնել մի ազգի և յուր բնակից եկեղեցու անհատականությունը միևնույն է, թե քրիստոնեության էությունը խորտակել և միանգամայն հակառակ ընթանալ Աստուծո նախախնամության օրինաց ազատության սկզբունքին: Իսկ այսպես ո՛չ Աստված է վարվել, ո՛չ ինքը Քրիստոս և ոչ յուր առաքյալներն ու նոցա հետևողներն, ըստ որում` վերջիններս ամենայն տեղ քարոզել են Ավետարանն ազգային լեզվով և հաստատել են եկեղեցիներն` ըստ տեղական հանգամանաց և ազգային հիմքերի կազմակերպությամբ ու հերյուրմամբ: Ուստիև պատարագի, ժամասացության, իրավանց ու կարգերի մեջ առաքելական և ամենահին հայրերն իսկ պահպանել են ու ջատագովել ազգային ինքնուրույնությունը: Ո՛չ Հին Ուխտի նախապատրաստությունը միանման եղավ ազգերի մեջ, ո՛չ Քրիստոսի եկեղեցու քարոզությունը միանման կատարվեց զանազան երկրներում զանազան առաքյալների միջոցով, ոչ միևնույն կազմակերպությունն ստացան հաստատված եկեղեցիները տարբեր ազգերի կյանքում և ոչ էլ միևնույն հառաջադիմությամբ զարգացան, այլ աստվածային այդ ամեն մի գործն ու տնօրինությունը հատուկ սկիզբ և ընթացք բռնեց ամեն մի ազգի մեջ, ուստիև բնածին ու բնակից և ճշմարիտ առաջնորդող ու փրկարար դարձավ յուրաքանչյուրի համար:
Աստվածային այս իմաստուն տնօրինության նպատակն էլ այն է, որ նախ յուր ստեղծած յուրաքանչյուր ազգ ու նորա անդամն յուր հոգուն ու կյանքին հավատարիմ կերպով դիմե դեպի Աստված[4]: Երկրորդ` փրկությունն ստանա ամեն ոք բնականապես և ոչ իբրև օտարոտի նորություն ու խորթություն. և երրորդ` որ յուրաքանչյուր ազգ յուր աստվածաստեղծ առանձնահատկությամբ աշխատի իրականացնել յուր կոչումը կամ Աստուծո արքայությունն այս աշխարհում, վասնզի յուրաքանչյուր[5] հանճար միմիայն յուր լեզվի մեջ է կարող, յուրաքանչյուր հոգի էլ` յուր կրոնում. այդպես և յուրաքանչյուր անհատ նախքան քրիստոնյա դառնալը մի ազգի անդամ է ծնվում յուր ազգային առանձահատկություններով ու լեզվով: Հետևաբար քրիստոնեությունն որքան մի ազգի կատարյալ սեփականությունը դարձած լինի և նորա բնության ընտելացած, այնքան կհամապատասխանի յուր կոչման ու Քրիստոսի մեծ հոտի հառաջադիմության մի տարր կդառնա հաստատապես (Հովհ., Ժ 16): Բայց որովհետև յուրաքանչյուր եկեղեցի թե՛ Քրիստոսի արքայության մի գործոն տարրն է և թե՛ ներկայացնում է յուր մեջ Քրիստոսի արքայությունն իրականապես, ուստիև ունի թե՛ անհատականություն, որով տարբերվում է մյուս եկեղեցիներից և թե՛ մեկ է բոլորի հետ: Իբրև տարր` յուրաքանչյուր եկեղեցի մեկ է այլոց հետ` ունենալով մի գլուխ ու Տեր Քրիստոսին, մի Սուրբ Հոգի, ս. խորհուրդների մի փրկագործություն, կոչման մի հույս, մի հավատք, այլև մի անդամ լինելով Քրիստոսի մարմնի: Իսկ իբրև Աստուծո արքայությունն յուր մեջ անհատականապես ներկայացնող` յուրաքանչյուր եկեղեցի պետք է ունենա անհատական միություն` իբրև պատկեր Քրիստոսի եկեղեցու, այսինքն` մի վարչություն, մի առաքելական փոխանորդ, քրիստոնեական հավատքի մի առանձնահատուկ վարդապետություն, մի արարողական ու ծիսական ազգային կազմակերպություն, մի աստվածպաշտական լեզու և աստվածպաշտական կարգ և մի եկեղեցական կյանք: Այսինքն` քրիստոնեական եկեղեցին մարդկության մեջ մեկ է այն ամենով, ինչ որ ընդհանուր է մարդկության համար, իսկ ազգային եկեղեցին մեկ է այն ամենով, ինչ որ ընդհանուր է յուր ազգության` թե՛ բնականապես ու թե՛ պատմականապես: Իսկ այս աստվածային տնօրինության նպատակն է, որ հոգեպես պառակտվող անհատի մեջ միություն հաստատվի, և նա հաղորդ լինի Աստուծո հետ, նորա ամբողջ ազգը միացած ներկայացնե Աստուծո արքայությունն, որպեսզի նորա սիրո աղոթքը լսվի, ու փրկությունը նորա մեջ յուրացնվի յուր միակից հաղթական ու զինվորյալ անդամների միաձայն աղոթակցությամբ, իսկ ամբողջ մարդկությունը հոգեպես միացած կազմի Քրիստոսի հավիտենական արքայությունը:[6] Յուր ազգային միության մեջ անհատը կարող է ամենայն ուժով սիրո ինքնազոհ արդյունքներ տալ[7] և այդ սիրո հիմամբ քրիստոնեական սիրով վառվիլ դեպի մարդկությունը: Հետևաբար ոչ մի վարչական ու տեսանելի միություն չի կարող ու չպետք է լինի Քրիստոնեական եկեղեցիների միջև, այնպես որ ընդհանուր քրիստոնեական հավատքի, սիրո ու հուսո միությունից կամայականորեն խորթացողը հերձվածող[8] է, հիմնովին խուսափողը` աղանդավոր, լիովին թողնողը` անհավատ, իսկ մարմնավոր, այսինքն` վարչական ու տեսանելի միության ձգտողը` նեռն կամ դերաքրիստոս: Հռովմեական եկեղեցին այդ միությունը տեսնում է յուր քահանայապետի միապետական իշխանության և եկեղեցիների ներքին և արտաքին միակերպության մեջ, իսկ բողոքականք ոչ մի միություն չեն ճանաչում բացի այն, որ յուրաքանչյուրը, ըստ յուր կարողության, բողոքող է Հռովմեական եկեղեցու դեմ: Այնտեղ մի անհատ տիրում է ամենքի վրա, այստեղ անհատն ինքնագլուխ տեր է, այնտեղ` ամբարտավան աշխարհակալություն, այստեղ` ամբարտավան եսապաշտություն:
2. Եկեղեցին սուրբ է, վասնզի սուրբ գլուխ ունի, որ է Քրիստոս, սուրբ կոչում ունի, այսինքն` նորա կոչումն է սրբել ու սրբագործել ամենքին, և սուրբ է յուր բոլոր վարդապետությամբ, խորհուրդներով և ամենայն կարգերով, սրբանվեր հայրապետներով և անձնազոհ նահատակներով, կամ մի խոսքով` եկեղեցին սուրբ է, զի սրբված է և սրբարար[9]: Եկեղեցին սուրբ է, քանի որ նա ոչ թե աշխարհի, այլ իբրև Աստուծո արքայության գործոն, սուրբ է, կամ թե նորա սկիզբն աշխարհից չէ, այլ սուրբ է. և` «Եթէ սկիզբն սուրբ է, ապա եւ ամենքն, որ ի նմանէ առնուն զաճումն, սրբեցան»[10], զի և նորա նպատակն աշխարհն չէ, այլ` երկնավոր փրկություն, իսկ դեպի այդ նպատակը տանող ճանապարհն ևս Քրիստոս է, Աստուծո Որդին: Բայց սրբարարության գաղափարը պարունակում է յուր մեջ Եկեղեցու պատերազմական գործունեությունն, այնպես որ սրբությունն ու սրբարարությունը լրացուցիչ հիմքեր են եկեղեցու սրբության մեջ: Ըստ որում` Եկեղեցին, յուր մեջ թե՛ ընդհանրություն և թե՛ անհատներ ունենալով, սրբությունն ոչ թե մեկի կամ մյուսի մեջ է ճանաչում, այլ` թե՛ ընդհանրության և թե՛ անհատների մեջ[11]: Նա ձգտում է սուրբ անդամներ վերածնել, սակայն ոչ թե բավականանում է նոցա սրբության սկզբնառությամբ, այլև շարունակ կրթում, դաստիարակում է նոցա քրիստոնեական ճշմարիտ կենցաղի համար, քավում է նոցա մարդկային սխալանքները և դեպի հաղթություն վարում. և այս ընթացքի ապացույցն և երաշխիքն են նորա քաջ նահատակները, հավատքի ախոյանները, ճշմարիտ վկաները, հաղթող սրբերը կամ հաղթական եկեղեցին: Նա ձգտում է և եկեղեցին ամբողջապես սուրբ պահել յուր սուրբ անդամների աշխատությամբ, որոնք հատկապես սրբության են նվիրված. այդ նվիրված սուրբ կարգն է Ս. Հայրապետներից սկսած մինչև սարկավագներն ու դպիրները: Այդ սուրբ կարգի յուրաքանչյուր անդամը, ըստ յուր շնորհաց, ձգտում է պահպանել ընդհանրության և եկեղեցու ամենայն դրության ու կյանքի սրբությունը[12]: Այս ձգտման ապացույց ու երաշխիքն է և այն քաջ հայրապետների և վարդապետների շարքն, որոնք ոչ մի կերպ չեն թույլատրել, որ մի արատ կամ բիծ անգամ մտնի եկեղեցու ամբողջության մեջ և արյան գնով մաքառել են արատավորման ու խավարի դեմ:
Ահա այս երկու ձգտմանց փոխադարձությամբ ապահովված է եկեղեցու թե՛ անհատների և թե՛ ընդհանրության սրբությունը. որտեղ մեղանչում է անհատն, այնտեղ է գալիս ընդհանրությունը, համայնքն, եկեղեցին յուր զինվորյալ բոլոր գործունեությամբ և կռվում է խավարի դեմ, իսկ որտեղ ընդհանրությունն է դեպի խարխափում գնում, այնտեղ երևան է գալիս նույն եկեղեցուց սքանչելի հայրապետների ու վարդապետների, հանճարների ու ձիրքերի խաչավառ ու հավատավառ առաջնորդությունը դեպի լույս: Եվ այս սրբության ու սրբարարության ընթացքը հովանավորվում է հզոր թագավոր Քրիստոսով, շնորհատու Սուրբ Հոգով: Ճշմարիտ եկեղեցին պետք է անպատճառ ունենա յուր անդամների և ամբողջության այս փոխադարձ հարաբերությունը սրբության համար. մինչդեռ Հռովմեական եկեղեցին առավելապես ճանաչում է ամբողջության սրբությունն ու չքացնում է անհատի հարաբերության նշանակությունը, իսկ դորա հակառակ բողոքականք գրեթե աստվածային բարձրության են հասցնում անհատին և չքացնում եկեղեցու` իբրև ամբողջության նշանակությունը. երկուքն էլ մեղանչում են եկեղեցու այս ճշմարիտ նշանի դեմ: Ուստիև Հռովմեական եկեղեցին յուր էությունը գտնում է միմիայն յուր վարչության մեջ և, կռվելով միմիայն արտաքին թշնամյաց դեմ, դուրս է ձգում յուր միջից յուրյան տհաճո անհատներին և մինչև անգամ խարույկի վրա բարձրացնում (այստեղից են բղխում հավատաքննության ահռելի ոճիրները), և այդ պատճառով այս եկեղեցին դարձել է աշխարհային պետություն կամ մի արքայություն, որ «յաշխարհէ աստի է»: Ընդհակառակն` բողոքականք, ամենայն ինչ ամփոփելով անհատի մեջ, հասնում են այնպիսի ծայրահեղության, որ անհատն ինքն ինքյան կատարյալ է համարում և ոչ մի կարիք չէ զգում եկեղեցու փրկարարության ու սրբարարության դիմելու, նորա աչքում ոչնչանում է սուրբ եկեղեցու բարձրությունն ու նշանակությունը հակառակ առաքելոց քարոզածին, որ է. «Քրիստոս սիրեաց զեկեղեցի, եւ զանձն իւր մատնեաց վասն նորա. զի զնա սրբեսցէ աւազանին բանիւ. զի կացուսցէ ինքն իւր յանդիման փառաւոր զեկեղեցի, զի մի՛ ունիցի արատ ինչ, կամ աղտեղութիւն, կամ այլ ինչ յայսպիսեաց. այլ զի իցէ սուրբ եւ անարատ»[13] (Եփ., Ե 25-27):
3. Եկեղեցին կաթուղիկէ կամ ընդհանրական է, զի պետք է քարոզվի ամբողջ աշխարհում ու բոլոր ազգերի մեջ և պետք է մնա, հարատևի մինչև աշխարհի կատարածը: Այս է հրամայում Քրիստոս. «Գնացէք, այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ: Ուսուցէք նոցա պահել զամենայն, որ ինչ պատուիրեցի ձեզ. եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի»[14]: Այս արդեն բղխում է եկեղեցու կոչումից, զի ինչպես որ մարդու կոչումն է ճշմարիտ քրիստոնյա լինել և եկեղեցու կոչումն է Աստուծո արքայության իրականացումը լինել աշխարհում, այնպես էլ այդ կոչումից բղխում է նորա ընդհանրականությունը, այսինքն` որ նա պետք է ճշմարտությունը քարոզե ամենուրեք և Աստուծո արքայությունը հաստատե աշխարհի վրա: Այլև ընդհանրական է, վասնզի ամենայն մարդ` առանց որևիցե խտրության կատարյալ հնարավորություն ունի և անհրաժեշտություն` նորա մեջ մտնելու ու նորա շնորհներն ազատապես վայելելու. մանավանդ` վայելելու ոչ թե` ըստ յուր արժանյաց, դիրքին ու պաշտոնին, այլ` ըստ յուր կենդանի հավատքին: «Որք միանգամ ի Քրիստոս մկրտեցարուք, զՔրիստոս զգեցեալ էք. չիք խտիր ո՛չ Հրէի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ իգի, զի ամենեքեան դուք մի էք ի Քրիստոս Յիսուս»[15]:
Հետևաբար եկեղեցու ընդհանրականությունը հիմնվում է նորա միության վրա, զի ընդհանրական կարող է լինել միմիայն այն, որ մեկ է: Ընդհանրական է նա յուր մեկ գլխով, մեկ Ս. Հոգով, ս. խորհուրդների մեկ փրկագործությամբ, հավատքով, մեկ հուսով ու սիրով և իբրև Քրիստոսի մեկ մարմին, քանի որ բոլոր հավատացյալները այդ ամենն են դավանում ու ճանաչում յուրյանց միացուցիչ ու քրիստոնեական եկեղեցու էություն: Այսոնք են ամբողջ քրիստոնյա մարդկության մեջ ընդհանուր ու մեկ, վասնզի յուրյանց մեջ մարդկային ոչ մի տարր չեն պարունակում, այլ` աստվածային պարգևներ, առաջնորդ ու գործոններ են, մինչդեռ եթե մարդկային տարրեր ևս պարունակեին, անշուշտ անհատականության կամ առանձնության ձև կստանային: Այս պարզ է, զի ինչ որ տեսանելի կամ զգալի է, այն մասնավոր սեփականություն է այս ու այն ազգին, իսկ ամբողջ մարդկության մեջ ընդհանուրը միմիայն հոգևոր է և միմիայն աստվածային հոգևորն ու հոգևորի խորհրդավոր կարգադրությունը պարտավորիչ ու միացուցիչ անհրաժեշտություն ունի և ընդհանրականություն: Ազգային տեսանելի կարգերն և օրենքները չեն կարող պարտավորիչ ընդհանրականություն ունենալ ամբողջ մարդկության մեջ:
Սակայն ազգային Եկեղեցին ևս իրապես ներկայացնում է յուր մեջ Քրիստոսի Եկեղեցին, Քրիստոսի արքայությունն, ուստիև ունի քրիստոնեական եկեղեցու ընդհանրականության հիշյալ տարրերից զատ նաև սեփական մասնավոր տարրեր, որոնք յուր համար միացուցիչ և ընդհանրական են. այդոնք են` մի վարչություն, մի առաքելական փոխանորդ, քրիստոնեական հավատքի մի առանձնահատուկ վարդապետություն, մի աստվածապաշտական կարգ ու լեզու և մի եկեղեցական կյանք[16]. այսինքն` այն ամենն, ինչ որ նորա մեջ հաստատապես մեկ է և մեկ պետք է լինի[17]: Ազգային եկեղեցու այդ բաղկացուցիչ տարրերն ևս պետք է անպատճառ ընդհանրական լինին բոլոր ազգի մեջ, որպեսզի եկեղեցին յուր մասնավոր ընդհանրականությամբ կարողանա կենդանի ընդհանրականություն ունենալ նաև ամենուրեք: Ինչ որ ընհանրականության տարր է մի համայնքի մեջ միայն, այն չի կարող ընդհանրական լինել նաև ամբողջ գավառում և ապա ամբողջ ազգի մեջ, զորօրինակ տեղական մի եկեղեցու շինության տոնը. հետևաբար եկեղեցու ընդհանրականությունը մի համայնքի մեջ ավելի տարրեր ունի, քան մի գավառում, մի գավառում ավելի, քան ամբողջ ազգի մեջ և մի ազգի մեջ ավելի, քան դավանակիցների, ապա` ամբողջ մարդկության մեջ: Որքան ընդարձակվում է Եկեղեցու ընդհանրականության շրջանն, այնքան հոգևոր է դառնում նորա պարունակությունն և ավելի դյուրավ է տարածում Ավետարանի լույսը մարդկանց մեջ. ուստիև քրիստոնեությունն է ճշմարիտ մարդկային կրոնն, որ ամենքինն է և միանգամայն կարող է յուրաքանչյուր ազգի հատուկ սեփականությունը դառնալ: Ընդհանրական լինելով մարդկության մեջ յուր աստվածային բովանդակությամբ` նա փրկարար է բոլորի համար հավասարապես, բայցև ընդհանրական լինելով հատկապես մի ազգի մեջ` նա փրկարար է յուր աստվածային բովանդակության իրական կազմակերպությամբ նույնիսկ այդ ազգին ու նորա բոլոր հարստությանց համար: Ըստ որում և այն Եկեղեցին է մի ժողովրդի ճշմարիտ փրկարանը, որ յուր աստվածային էությամբ մարդկային ընդհանրականություն պահելով հանդերձ, ունի նաև ազգային ընդհանրականություն հաստատապես և առանց հակասության: Այդպիսի եկեղեցու կոչումն է ընդհանրացնել Ավետարանի ճշմարտությունն ու լույսը ոչ միայն հեթանոսների, այլև նույնիսկ յուր հավատացյալ անդամներից յուրաքանչյուրի մեջ, վասնզի քրիստոնյա որդիքն ևս ենթարկված են ժամանակի և աշխարհային կյանքի խանգարիչ ու եղծիչ ներգործության: Առանց լուսո մշտաշող ճառագայթների հավատացյալը չի կարող ի նորո վառվիլ, ինքնագործունեություն ունենալ և ինքն էլ ներգործական դիրք բռնել Եկեղեցու մեջ: Եկեղեցու գործն ու պարտիքն այստեղ մեծ է և մշտական, և նա պատասխանատու է ամեն մի հավատացյալի համար, որ անուշադրության մեջ թմբրում է:
Եկեղեցու ընդհանրականության դեմ մեղանչում է Հռովմեական եկեղեցին, զի ձգտում է ընդհանրացնել մարդկության մեջ նաև յուր ազգային ընդհանրականությունն, այն է` վարչություն, աստվածպաշտական կարգեր, իրավանց կանոններ, յուր հատուկ կյանքը, մի վարդապետություն, մինչև անգամ մի լեզու և այլն: Այս աշխարհային ձգտմամբ նա փոխում է քրիստոնեության էությունն ու քրիստոնեական եկեղեցին դարձնում է առավելապես ազգային շահերի և դրոշմի առանձնարան, որով բռնանում է աստվածային լույսի ներքո ստրկության շղթայով կապել Աստուծո որդիներին[18]: Ընդհակառակն բողոքական եկեղեցին էլ, մաքառելով նորա դեմ, վերացական է դարձնում քրիստոնեության ճշմարիտ ընդհանրականությունը, կրճատելով նորա պարունակությունն ևս, այլև բոլորովին չքացնում է եկեղեցու ազգային ընդհանրականությունն. ըստ որում և եկեղեցին, խորթանալով դոցա մեջ ժողովրդի միաբանական ոգուց, չէ դառնում իսկական եկեղեցի, ամբողջ ժողովուրդն յուր մեջ պարփակող կենդանի միաբանություն, այլ դառնում է լոկ մի ժողովարան և կամ լոկ մի մեռյալ հաստատություն:
4. Եկեղեցին առաքելական է, զի հաստատված է Քրիստոսի առաքելոց հիմնադրությամբ ու նոցա ավանդության և ավետարանած վարդապետության վրա: Եկեղեցու առաքելականությունը հիմք է կազմում ընդհանրականության, վասնզի միացնում է այն բոլոր տարբերություններն, որոնք բնականապես հետևում են եկեղեցու ընդհանրականությունից ըստ նախընթաց բացատրության: Ուստիև առաքյալների հիմնադրությունն, ավանդությունն ու վարդապետությունը կազմում են քրիստոնեական եկեղեցիների այն էությունն, որ ամենքի մեջ պետք է մեկ լինի: Առաքելական հիմնադրությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր ազգային եկեղեցու համար, վասնզի առաքյալների վրա իջավ Ս. Հոգին ու շնորհագործեց նոցա թե՛ քարոզության ու թե՛ եկեղեցիների հաստատության համար[19], որպեսզի նոքա ավանդեին այն ամեն շնորհներն, որոնք կարևոր էին եկեղեցու զարգացման ու ծավալման մինչև աշխարհի կատարածը: Նոքա հիմքեր էին մեկ վեմ Քրիստոսի վրա և ամբողջ շինության պահողը, և ուռ էին մեկ որթ Քրիստոսի վրա, որից սնունդ պետք է տային ապագա ծաղկման համար, այլև նոքա Ս. Հոգու շնորհաց ավանդման միակ միջնորդներն էին քրիստոնեական եկեղեցիների համար: Հայտ է, որ յուրաքանչյուր նորահաստատ եկեղեցի ևս անպատճառ պետք է ճյուղավորվեր միմիայն մի առաքելական եկեղեցուց և ոչ թե ինքնուրույն ծագմամբ, որ անհնարին է[20]: «Այս է խորհուրդն եկեղեցւոյ, զայս ուսաք ասել կաթուղիկէ առաքելական եկեղեցի, զի ընդ ամենայն տիեզերս հաւատացեալք ի Քրիստոս առաքելական յորջորջին եկեղեցի վասն տէրունական հրամանին, որ առ նոսա, թէ «գնացէք ընդ ամենայն երկիր» և այլն (Ս. Սահակ):
Առաքյալները, հիմնադիր լինելով, պետք է անշուշտ և ավանդեին այն ամենն, ինչ որ եկեղեցու աճման պայմանավորողն է. այդոնք են նախ` հիմնական օրենքներ կամ կանոններ ապագա կյանքի իրավանց զարգացման համար:
Երկրորդ` աստվածպաշտության էական կարգերն, որոնցով հավատացյալ մի ազգ կարողանար յուր կյանքի բոլոր հանգամանքների և յուր բնական բոլոր առանձնահատկությանց մեջ ուղիղ և նպատակահարմար հաղորդակցություն ունենալ Աստուծո հետ` առանց հեթանոսաբար շեղվելու:
Երրորդ` ձեռնադրություն, որով պետք է ավանդեին Ս. Հոգու շնորհներն յուրյանց հաջորդներին և այլ եկեղեցական պաշտոնյաներին, որպեսզի թե՛ եկեղեցու պաշտոնն ու թե՛ առաքելական գործունեությունն անհատաբար շարունակվի, և միանգամ իջած Ս. Հոգին բնականաբար առաքելական հաջորդության շարքով շնորհաբաշխե ու յուր շնորհները սփռե եկեղեցու մեջ:
Չորրորդ` առաքելական հաջորդություն, որ պետք է պահեր առաքյալների աթոռները անխախտ և անշարժ իբրև Ս. Հոգու շնորհաց աղբյուր, քանի որ առաքյալներն ոչ թե ժամանակավոր պաշտոնի ու դիրքի համար էին նշանակված, այլ նոցա մեծ պաշտոնն ու մեծ դիրքը պահանջում են և համապատասխան հարատևություն:
Սակայն այս ամենի համար անհրաժեշտ եղավ նաև մի չափ կամ կանոն տալ, որպեսզի նույնիսկ առաքյալների ժամանակ պաշտոնյաների անձնական քմահաճությունը չխառնվեր նոցա ավանդածի և Ս. Հոգու շնորհաց հետ: Այդ ևս առաքյալների վարդապետությունն է[21], որ ավանդվեց թղթերով և քրիստոնեական եկեղեցում ժողովվեց ու պահվեց մինչև մեր օրերը իբրև հաստատուն և ամփոփ ժողովածու այն վարդապետական հիմնական սկզբանց ու հիմունքների, որոնց երբեք չպետք է հակասեն առաքելական ավանդություններն ոչ մի տեղական և ազգային եկեղեցում:
Ուրեմն առաքելականությունն այն առաջին պայմանն է, որից բղխում են իսկապես նախընթաց երեք նշաններն և առանց առաքելականության չի կարող լինել ճշմարիտ եկեղեցի: Եթե մեկը շեղվի առաքելոց վարդապետությունից, օտարանա նոցա ավանդություններից, կտրվի նոցա ձեռնադրական-շնորհաբաշխական հաջորդությունից, նա չի լինիլ և Քրիստոսի ճշմարիտ եկեղեցի[22]: Այս պատճառով Պողոս առաքյալն էլ ասում է. «Այլ թէ մեք կամ հրեշտակ յերկնից աւետարանեսցէ ձեզ աւելի, քան զոր աւետարանեցաքն ձեզ, նզովեալ լիցի: Որպէս յառաջագոյն ասացաք, եւ արդ դարձեալ ասեմ, եթէ ոք աւետարանեսցէ ձեզ աւելի, քան զոր առէքն, նզովեալ լիցի» (Գաղ., Ա 9): Ճշմարիտ եկեղեցու վարդապետությունը, կարգերի ու կանոնների կազմությունը, պաշտոնյաների դասն ու հաջորդությունն և մինչև անգամ արարողության ու ծեսերի էությունը պետք է անպատճառ առաքյալներից ավանդվածը լինին և առաքելոց ավանդածին չհակասեն: Եկեղեցիներն յուրյանց բոլոր էությամբ պետք է լինին «շինեալք ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից»[23], այլև հավատքի նույն հիմքի վրա պետք է հաստատե յուրաքանչյուր հավատացյալ յուր կյանքն ըստ առաքյալին` «ճգնիցիք ի վերայ հաւատոցն, որ միանգամ աւանդեցան սրբոց»[24]:
Քրիստոնեական ճշմարիտ առաքելական եկեղեցին հրապարակապես յուր առաքելականությունը խոստովանում է այն Հավատամքով[25], որ կազմվեց` ըստ առաքելական ավանդության և համաձայն Ս. Գրոց, Նիկիո ս. ժողովում, և որ ընդունվեց բոլոր քրիստոնեական եկեղեցիներում և առաքելոց ժամանակին ու նոցա բավական մոտիկ հաջորդների մեջ: Դավանելով հարաժամ այդ Հավատամքն` յուրաքանչյուր քրիստոնյա եկեղեցի երդումով խոստանում է հավատարիմ մնալ նորա բովանդակության` յուր ազգային բոլոր հանգամանքներով և առանձնահատկությամբ: Հռովմեական եկեղեցին, շեղվելով այդ առաքելական խոստովանությունից, հերձվում է[26], իսկ առաքելական ավանդությունը մերժող բողոքականք կտրվում են առաքելական հաջորդությունից և հետևաբար իբրև աղանդ են ճանաչվում քրիստոնյա աշխարհում կամ իբրև քրիստոնեական եկեղեցուց պոկված ու փշրված մի կտոր: Ուստիև մինչդեռ մի կողմից քրիստոնեական եկեղեցիք մաքառում են Հռովմեական եկեղեցու հերձվածողական ընթացքի դեմ ու նորա միջից իսկ «Հին-կաթոլիկ» կոչված եկեղեցին աշխատում է թոթափել Հռովմա գրեթե հեթանոսական լուծը, մյուս կողմից բողոքական աշխարհում շատերը, ինչպես եպիսկոպոսական եկեղեցին, ձգտում են վերստին դառնալ դեպի առաքելականություն: Եվ եթե հին եկեղեցիներից ոմանք` վիճահույզ հարցերի կամ մոլորությունների կողմը բռնելով և քաղաքական հանգամանքների ենթարկվելով են տարաձայնվել քրիստոնեական եկեղեցու ճշմարիտ առաքելականությունից, բողոքականք, անհատին աստվածացնելով և բացասական ընթացքի ավերիչ ճանապարհը ընդլայնելով, անօրինակ պառակտմամբ բեկորվել են և շուրջ 300 աղանդների բաժանվել, ոմանք` որևիցե տասնյակ դրամատերների միաբանությամբ: Այլև եթե հին եկեղեցիներից մեկն ու մյուսը նորահնար վարդապետությամբ խորթացել է քրիստոնեական միությունից, առաքելական ճշմարտությունը մնացել է գոնե որևիցե վիճախույս և հեռաբնակ եկեղեցում. մինչդեռ բողոքական եկեղեցու հիմքը դարձել է այլևս ոչ թե հավատքը, ոչ թե առաքելական աստվածաճանաչությունն, այլ միայն անհատական վարդապետությունը կամ ուսմունքը:
Հայաստանյայց Ս. Եկեղեցին, արյան գնով պինդ պահելով յուր առաքելականությունը, հետևաբար և յուր ընդհանրականությունը, սրբությունն ու միությունը, ոչ մի կերպ չէ ձգտում մազի չափ անգամ շեղվելու վերոհիշյալ սկզբունքներից: Նորա վարդապետության իսկությունը տեսանք մինչև այստեղ, կտեսնենք և հետո, նորա իշխանության ու ձեռնադրության ճշմարտությունը կուսումնասիրենք հետզհետե, իսկ աստվածպաշտության և կանոնական սկզբունքի մանրամասնությունները պաշտոնաբանության (կարգ աստվածպաշտության) և եկեղեցական իրավաբանության մեջ պետք է ընդարձակորեն ճանաչվին: Եվ որպեսզի նորա առաջ մշտապես առաջնորդող նշանաբան լինեն այդ չորս նշանները, Հայաստանյայց Ս. Եկեղեցին ոչ միայն Հավատամքում է դավանում, այլև աղոթում է առ Աստված. «Աղաչեսցուք զամենակալն Աստուած վասն միայնոյ` սուրբ կաթուղիկէ եւ առաքելական եկեղեցւոյ»:
Ըստ այսմ` նորա բոլոր կյանքն, աստվածպաշտությունն ու վարդապետությունը հաստատվում է առաքելական մի սուրբ հիմունքի վրա և այդպես մի բնից ճյուղավորվում է դեպի ամեն կողմ և ընդհանրանում: Այն, ինչ որ առաքելական վարդապետության, առաքելական սկզբունքին և առաքելական կարգերին հակասում է, այն բացեիբաց մերժվում է Հայաստանյայց Ս. Եկեղեցու գավթից. մերժվում է ամեն ինչ այդպիսին, լինի այդ դավանանք թե բարոյականք, լինի այդ կանոն թե կարգ, լինի այդ ոգի թե կարգավորություն, չի կարող Հայաստանյայց Ս. Եկեղեցում տեղ ունենալ ու հարատևել: Եվ այդ իսկ պատճառով ամեն ժամանակ աղաչում ենք ամենակալ Աստուծուց «վասն միայնոյ` սուրբ` կաթուղիկէ և առաքելական եկեղեցւոյ», որպեսզի անխախտ պահե յուր հզոր հովանավորությամբ յուր ճշմարիտ եկեղեցու իրականությունն և մեզ ևս հարաժամ հիշեցնե մեր պարտավորություններն առ այդ[27]:
[1] «Բազմութիւն ազգին` առանց սուրբ եւ ուղղափառ հաւատոյ ոչ է ընդունելի առաջի Աստուծոյ: Զի որպէս գլուխ առանց լուսոյ խաւարէ, այսպէս եւ ազգ առանց ս. հաւատոյ պիղծ է: Այլ լաւ է մի ոչխար ի փարախն Աստուծոյ, քան զհազար գայլ. եւ լաւ է մի գառն յայգին, քան զհազար աղուէս: Դարձեալ` լաւ է մի զոյգս աղաւնեաց Աստուծոյ նուէր, քան զհազար ագռաւ. Եւ ի դիտանոցի անդ` լաւ է մի յայր սրատես, քան զհազար զաչացու. Եւ լաւ է մի վկայ ի վերայ ճշմարտութեանն, քան զհազար բիւր թշնամի. Լաւ է Աստուծոյ այր մի խոստովանող, քան զհազար բիւր ուրացող. Եւ լաւ է Աստուծոյ մի քահանայ ճշմարիտ պատարագող Քրիստոսի, քան զհազար բիւր շնացող»: Պող. Տար., անդ. 248. հմմտ. Զգոն, 293-295:
[2]Հովհ., Ժ 16. ԺԷ 11. Կող. Ա 18. Բ 10-19. Եփես., Դ 3-16: Ա Կոր., Ա 10. Գաղ., 8. Տիտ., Գ 10. Հռ., ԺԶ 17. Բ Կոր., Զ 14. Բ Հովհ., 10. Մատթ., ԺԸ, 17: Գիրք Հարց., 540:
[3] «Աստ զցրուեալսն յաշտարակէն զազգս ի հոգեւոր համաձայնութիւն էած Տէր մեր, եւ շինեաց ի մարմին իւր աշտարակ հզօր հաստահեղոյս վիմօք զկաթուղիկէ սուրբ ի վերայ առաքելադաւան հաւատոյ անսասանելի հաստատութեամբ...: Այն աշտարակ զմի լեզուն ի բազումս բաժանեաց, եւ զչար միաբանութիւնն յաւիտենից քակեաց ի միմեանց. եւ այս աշտարակ զքակեալսն եւ զանջատեալսն ած ի մի` համաշունչ եւ միախորհուրդս զամենեսեան առնելով ի մի յոյս կոչմանն Քրիստոսի»: Ս. Հովհ. Իմաստասեր, 136:
[4] Տե՛ս Ծննդ., ԺԱ Հովհ. Իմաստ., էջ 136:
[5] Մարկ., ԺԲ 17. Ա Պետր., Բ 17. Հռովմ., Թ 3. «Ուխտիւք խնդրէի ես իսկ ինքնին նզով լինել ի Քրիստոսէ վասն եղբարց իմոց եւ ազգականաց ըստ մարմնոյ», - ասում է Պողոս առաքյալը:
[6] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց, 532-533:
[7] Գաղ., Զ 10. «Այսուհետեւ մինչդեռ ժամանակս ի ձեռս է, գործեսցուք զբարիս առ ամենեսեան, մանաւանդ առ ընտանիսն հաւատոց»:
[8] Մատթ., Է 15. Ա Տիմ., Դ 1. Բ Տիմ., Բ 17. Ա Հովհ., Բ 19. Բ Պետր., Բ 1: «Որդեակք, յետին ժամանակ է, եւ որպէս լուարուք, եթէ Նեռն գալոց է, եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են, որով մարթեմք իմանալ, եթէ յետին ժամանակ է: Առ ի մէնջ ելին, այլ ոչ էին ի մէնջ, զի եթէ ի մէնջ էին, ապա առ մեզ մնային, այլ զի յայտնի լինիցին, թէ ոչ էին ամենեքին նոքա ի մէնջ»:
[9] Հովհ., Ժ 36. ԺԷ 17. Մատթ., Ե 48. Ա 9. Եփես., Ա 4. Ե 25-27. Ա Պետր., Ա 15:
[10] Ս. Եղիշե, Ճառք, էջ 327:
[11] Ա Կոր., Ա 2. Բ Կոր., Ա 1. Եփ., Ա 4. Կող., Ա 2. Գործք, Թ, 13, 41. - «Օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ օրհնեաց զմեզ ամենայն հոգեւոր օրհնութեամբ յերկնաւորս ի Քրիստոս. Որպէս ընտրեաց զմեզ նովաւ յառաջ, քան զլինելն յաշխարհի, լինել մեզ սուրբս եւ անարատս առաջի նորա սիրով»:
[12] «Ի բաց մերկանալ ի ձէնջ ըստ առաջին գնացիցն զմարդն հին զապականեալն ցանկութեամբք խաբէութեանն. Եւ նորոգել հոգւովն մտաց ձերոց: Եւ զգենուլ զնոր մարդն, որ ըստ Աստուծոյն հաստատեալ է արդարութեամբ եւ սրբութեամբ ճշմարտութեանն. վասնորոյ ի բաց ընկեցէք զստութիւն, խօսեցարուք զճշմարտութիւն իւրաքանչիւր ընդ ընկերի իւրում, ի եմք միմեանց անդամք»: Եփ., Դ 22. Հռ., Զ 19. Ա Թես., Դ 3, 7:
[13] «Վասն այսորիկ եւ սուրբ կոչէ, զի սրբոյն Աստուծոյ է բնակարան եւ հրեշտակաց սրբոց բանակտեղ, եւ արդարոց կատարելոց տեղի իջեւանի յերկնուստ յերկիր երթեւեկութեան: Քանզի ի սմա ամենայնի բաց բարձեալ լինի կրճիմն եւ երկիրս ընդունի զերկնայինսն. եւ երկնայինքն միանան ընդ երկրայինքս: Եւ ննջեցեալ սուրբքն` ընդ հաւատացեալ կենդանիսս. եթէ հաւատամք` եթէ տուն Աստուծոյ եւ բնակարան է եկեղեցի, որպէս եւ ինքն իսկ ասաց»: Խ. Ա. Մեկն. Ժամ., էջ 133:
«Երկնայնոցն դարձեալ ասեմ սա է տեղի` հանդերձ երկնաւոր թագաւորաւն: Ազգակցաց մերոց սրբոց ի սմա ընդ մեզ է խառնումն: Ամենայն հաւատացելոց, որ յամենայն երկրի` սա է մայր...: Սա է սանդուղք յերկրէ յերկինս վերելութեան» (134):
[14] Մատթ., ԻԸ 19. Մարկ., ԺԶ 14. Գործք, Ա 8-: Ես., ԺԱ 10. ԽԵ 22, 23. ԽԹ 1, 6. ԾԵ 1-5. ԿԶ 1-8, 66. Մաղ., Ա 11: «Կաթուղիկէ եկեղեցւոյն շնորհք Հոգւոյն ի մէջ վկայելոցն եւ ի մէջ քահանայութեան բղխելոց է աղբիւր մկրտութեան, լուանալ զաղտ ոգւոցն մարմնովք հանդերձ»: Տեսիլ Ս. Գրիգոր Լուսավորչին. Ագաթ., 437. հմմտ. Փարպ., 78, 87. թե՛ այս և թե՛ Ս. Սահակի տեսիլը հիշվում է նաև Շահապիվանի ս. ժողովի կանոններում:
«Ի գալստենէ Կենարարին Որդւոյն Աստուծոյ բացեալ է դուռն շնորհի ողորմութեան նորա առ ամենեսեան, որ սիրեն զնա եւ պահեն զբան հրամանի նորա, յորս ծագեալ լուսաւորէ լոյս փառաց վարդապետութեան նորա»: Ս. Սահակ (Փարպ., 88): «Կոչի եւ կաթուղիկէ` համաժողով ազանց բոլորից ի մի ժողովեալ հնազանդութեան, լուսաւոր մկրտութեամբ աւազանին երկնեալք եւ ծնեալք ի ժառանգութիւն Աստուծոյ Հոգւովն Սրբարարաւ»: Ս. Հովհ. Իմաստ., 135:
[15] Գաղ., Գ 28. Հռ., Գ 22. Ժ 12. Կոչ. Ընծ., 366-369:
[16] «Զառ ի ցրուեալսն ի սատանայական հրապուրմանէն առ ժամայն միախուռն յորդորմամբ ի քոյդ հաւաքելով գաւիթ` միահօտ ընտրեալ եւ ազատեալ, միասիրտ եւ միալեզու եւ հաւատարիմ կացուցանես երկնաւոր հովուապետին եւ Փրկչին տիեզերաց Յիսուսի»: Ան. Նարեկ., Ճռաքաղ., 330: Տե՛ս և Ս. Գր. Նարեկ., Բան ՀԵ:
[17] «Եկեղեցի դուստր է վերին Սիոնի, եւ քաղաք անմահ արքային. եւ նման երկնաւորին կառուցաւ յերկրի, զի անվրէպ երկնայնոցն եւ զբոլոր ծագաց երկրի բերէ յինքեան օրինակ: Խորանաւն զերկինս երկնից, ուր աստուածութիւնն հանգուցեալ է: Եւ տաճարն զհրեշտակական կայանսն մաքրութեամբ եւ ձեւով յարմարութեամբ իւրով: Իսկ գաւիթն երկրի շրջակայ բնութեան ունի զկազմութիւն»: Եսայի Նչեցի:
[18] Հմմտ. Միշոյ., Հռովմ. եկ. ոչ ևս է կաթ. եկ: Թարգմ. Գաբրիել արքեպ. Այվազյանց, Ս. Էջմիածին, 1878:
[19] Գործք, Ա 4. Ղուկ., ԻԴ 49. Մատթ., Ժ:
[20] Մատթ., ԺԶ 19. ԺԸ 18. ԻԸ 18. Ժ 40. Ղուկ., Ժ 16. ԻԲ 19. ԻԴ 47-53. Հովհ., Ի 21-23. ԺԷ 18-19. Ա Տիմ., Ա 18. Գ 15. Դ 14. Ե 17-22. Բ Տիմ., Ա 6. Տիտ., Ա 5:
[21] «Առաքելական զսա անուանեմք` ըստ կանոնեալն հաւատոյ, քանզի ոչ պարզաբար անուն ժողովոյ կաթուղիկէ եկեղեցի անուանի, այլ որք Առաքելովքն հրաւիրանաւ Հոգւոյն կենաց ի սպաս պաշտաման հոգեւորի եղեն գումարեալք, եւ յանդրանկութիւն երկնայնոյ քաղաքականութեանն գրեցան»: Ս. Հովհ. Իմաստ.:
[22] Ա Հովհ., Բ 3-19. Եբր., Ժ 24. Գաղ., Ա 6. Բ Պետր., Բ 1-22. Բ Տիմ., Բ 18. Հայտ. ԻԲ 19:
[23] Եփես., Բ 20. Հայտ., ԻԱ 14. Տե՛ս և Գործք, Զ 2. Ը 14. Թ 27. ԺԵ 6, 22, 28. Գաղ., Բ, Ա 1. Հռ., Ա 1. Բ Կոր., Ե 20. Գ 4. ԺԳ 3. Ա Կոր., Դ 1. Բ 10:
[24] Հուդա 3. Գործք, Բ 42. Բ Թես., Բ 15. Հռ., Զ 17. ԺԶ 17. ԺԵ 18. Բ Կոր., ԺԱ 4.Գաղ., Ա 11. Փիլ., Ա 27. Կող., Բ 7. Ա Թես., Բ 13. «Եւ զի երկնագոյն երեւեցան դաշտք ամենայն, այսինքն է` զի երկիրս իբրեւ զերկինս լինելոց է, խառնուրդք Հրեշտակաց եւ մարդկան». Տեսիլ Ս. Գրիգոր Լուսավորչին, Ագաթ., 437:
[25] Տե՛ս վերը, էջ 17:
[26] Կրոնական հեղափոխության ժամանակ Լութերն ու յուրայինք դեռևս աշխատում էին հավատարիմ մնալ առաքելականության (Հարնակ. Պատմ. դավ. Գ 724-734), սակայն երբ հետո հանդիմանվեցան իբրև առաքելական հաջորդությունից կտրվածներ, սկսան ճարահատված մերժել նաև դորա նշանակությունը:
[27] «Մեծ եւ բարձր է պատիւ Կաթուղիկէ Եկեղեցւոյ, քան զամենայն սրբոցն, իսկ կամարքն, որ ի սեանց անտի ի միմեանս կապէին, այսինքն է հաւասարութիւն միաբանութեան Կաթուղիկէ Եկեղեցւոյ. Իսկ խորանն ի վերայ ունի զօրինակ վերնոյ քաղաքին, զժողովարանն միաբանութեան` արքայութեան երկնից: Եւ զի երեւէին քեզ զկայքն, գիտեա, զի «մահը ժամանակեան է», ասէ, եւ կենդանութիւն նոցա յաւիտենական, փառաւորեալք ի փառս Աստուածորդւոյն, վասն այսորիկ եւ զօրինակ խաչին նորա տպաւորեալ յանձինս նոցա»: Տեսիլ Ս. Գր. Լուսավորչին, Ագաթ., 436:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից