Խորանների պատկերագրական հորինվածքը

Մեզ հասած ձեռագիր Ավետարաններում պատկերված խորաններն ունեն պատկերագրական ուրույն հորինվածք, որոնք իրենց կառուցվածքի ընդհանուր ուրվագծով հետևում են վաղ քրիստոնեական արվեստի ավանդույթներին: Ինչպես ընդունված է, խորաններն, ըստ իրենց խորհրդաբանական կազմի ու հաջորդականության, ունեն կանոնիկ պատկերներ, որոնք նշանակային գործառույթից զատ կատարում են նաև հորինվածքը կազմավորող և դրանք միմյանց կապող դեր, որոնք են ձկնքաղները, արմավենիները, ձիթենիները, նռնենին, զանազան հավքերը, կաքավները, հաղորդության սկիհը, սիրամարգերը, աքաղաղը և այլ խորանապատկերներ: Խորանների մեկնություններին նվիրված ուսումնասիրությունների հիման վրա՝ աղբյուրի մոտ պատկերված թռչունները խորհրդանշում են ավետարանիչներին, որոնք Սուրբ Հոգու աղբյուրից հագեցնում են իրենց հոգևոր ծարավը (սրանք երբեմն խորհրդանշում են նաև բոլոր նրանց, որոնք, հաղորդակցվելով քրիստոնեական գաղափարներով, հագեցնում են իրենց հոգևոր ծարավը): Փաթաթվող պարանոցներով սիրամարգերը Հին և Նոր Կտակարանների միասնությունն են: Նռնենիների մասին ասված է, որ նրանց պտուղների քաղցրությունը թաքնված է կեղևի տակ, ինչպես մարգարեների իմաստությունը՝ առակների մեջ: Արմավենու մասին ասվում է, որ նրա ճյուղերը վեր են ձգվում՝ խորհրդանշելով «Ճշմարտությունը, [որը] կբուսնի երկրից, արդարութիւնը, [որը] վայր կնայի երկնքից» (Սաղմ. 85:11): Քանի որ հավալուսնը ձկնորս թռչուն է, խորհրդանշում է առաքյալներին՝ մարդկային հոգիների ձկնորսներին: Հավալուսնը պատառում է կուրծքը և իր սեփական արյունը հեղում ձագերի վրա, որպեսզի վերակենդանացնի նրանց: Նա իր ճտերին կերակրում է սեփական մարմնով՝ իր կյանքը զոհաբերելով նրանց: Այդ պատճառով հավալուսնը խորհրդանշում է Քրիստոսին, Ով Իրեն զոհաբերել է հանուն մարդկության փրկության: Խաչի կողքերին պատկերված աքաղաղները խորհրդանշում էին Հարությունը, որին մարդիկ պետք է արժանանան սուրբ խաչի զորությամբ: Այգաբացի ազդարար աքաղաղը զուգորդվում էր մարգարեների՝ ապագայի նախագուշակների հետ: Միևնույն ժամանակ աքաղաղը Պետրոսի ուրացման խորհրդանիշն էր, իսկ խաղողը Քրիստոսի խորհրդանիշներից մեկն է, որովհետև Հովհաննեսի ավետարանում ասված է. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և Իմ Հայրը մշակն է» (Հովհ. 15:1), խաչը, նիզակը և փշերը Քրիստոսի չարչարանքների խորհրդանիշերն են և այլն:

Գլաձորի մանրանկարչության դպրոցի խոշոր ներկայացուցիչ, մանրանկարիչ Թորոս Տարոնացու արվեստի առանձնահատկություններն առավել ամբողջական են դրսևորվում անվանաթերթերի և խորանների նկարազարդումներում: Նկարիչը մեծ վարպետությամբ անվանաթերթ և խորանի զարդանկարի հորինվածք է ներմուծում քրիստոնեական արվեստի պատկերագրության մեջ խորհրդանշական բովանդակություն ունեցող, իրական և առասպելական բազմապիսի կենդանիներ և թռչուններ (սիրամարգ, աքաղաղ, արծիվ, եղնիկ, առյուծ, հուշկապարիկ և այլն):

Մատենադարանի հմր. 3717 Ավետարանում Հովհաննես Խիզանցու պատկերած տասը խորանների պատկերագրությունը պարզ է: Առաջին երկուսը երկսյուն են, հաջորդները՝ եռասյուն: Սյուները Հովհաննես Խիզանցին զարդարել է երկրաչափական և բուսական միահյուս օրնամենտով: Դրանց խոյակներն ու խարիսխները զարմանալի թեթև են, գունեղ ու գեղեցիկ: Հատկապես տպավորիչ են ճարտարապետական այդ դետալների զանազանակերպությունն ու գեղարվեստական ոճավորումները: Խորանների սյուները պսակվում են գլխազարդը կրող կամարներով: Բուն գլխազարդերի ներքնամասը հիմնականում կազմված է փոքրադիր կամարներից ու միջկամարային միջանկյալ զարդարուն տարածքներից: Սյուները նստած են խորանների ստորին մասում պատկերված եզրաշերտերի (ստիլոբատների) վրա:

Հովհաննես Խիզանցին խորանները պատկերելիս կատարել է մի շեղում: Սովորաբար նա դրանք գունավորել է նրբորեն, թույլ բացված ներկերով, սակայն այստեղ նրա ներկապնակը շատ ավելի գունեղ է ու բազմազան: Կարմիրի, կապույտի, կանաչի, դեղինի, մանուշակագույնի հագեցած ու վառ գունաշարը էլ ավելի տպավորիչ ու ընդգծված է դարձնում խորանների գեղարվեստական արտահայտչականությունն ու տեսողական ընկալումը:

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում խորանների խորհրդանշական գրությունները՝ «ՍԲ» («Ս(ուր)բ»), «ՍԲ» («Ս(ուր)բ») և «ՏՐ» («Տ(է)ր»), «ՈՒԹՑ» («[Զօր]ութ[եան]ց»), «սեղան քո տր զօրու» («Սեղան քո Տ(է)ր Զօրու [թեանց]»), «թէց հաւատով կանգնեցաւ ի» (թէ[ան]ց հաւատով կանգնեցաւ ի), «Սեղան Սրբութե ԱՅ» (Սեղան Սրբութե(ան) Ա(ստուծո)(յ): Ստացվում է. «Սուրբ, Սուրբ, Սուրբ Տէր Զօրութեանց: Սեղան քո Տէր Զօրութեանց հաւատով կանգնեցաւ ի Սեղան Սրբութեան Աստուծոյ»:

Խորաններում Սեղանի պատկերումն ու հիշատակումը ինքնանպատակ չէ: Հովհաննես Խիզանցին խորաններում, որոնք պատկերագրում են Հին և Նոր ուխտերի կապն ու արարածի փրկագործության աստիճանական հանգրվանները, ավելի առարկայական է դարձնում զոհաբերության Սեղանի առանցքային դերն այդ ճանապարհին: Նոյի, Աբրահամի, Մովսեսի և այլոց կանգնեցրած Սեղանը, որի վրա կատարվում էին բազում կենդանական զոհեր քավության ու մաքրագործության համար, նախանշում է այն գալիք Սեղանը, որի վրա պիտի պատարագվի Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը: Առաջին յոթ խորաններում պատկերված Սեղանը Հին Ուխտում ստվերակերպ, ծածուկ հայտնյալ, միայն հավատով հասանելի փրկության խորհրդանիշն է, որը վերջին խորանում վերաճում է բանավոր, անարյուն ու մեկընդմիշտ մատուցվող Պատարագի խորհրդանիշի:

Մաշտոցի անվան Մատենադարանի հմր. 2877 և հմր. 6264 Ավետարաններում խորանները ճոխ հարդարված են բուսական ու երկրաչափական զարդերով: Այս երկու ձեռագրերի գեղարվեստական ձևավորման մեջ առանձնակի տեղ ունի զարդարային հարդարանքը: Այն օգտագործված է, առաջին հերթին՝ խորաններում: Մեզ հասած ամենավաղ ձեռագիր Ավետարաններում արդեն կան խորաններ՝ համաբարբառի գեղարվեստական ձևավորում ունեցող աղյուսակներ: Խորան բառը, որը նշանակում է բեմ, տաճար, վրան, իր իմաստով կապվում է Աստվածաշնչի վկայության խորանի հետ, որը պետք է կառուցեր Մովսեսը (Ելք ԻԶ): Այդ կապացությամբ Ա. Մնացականյանը գրել է. «Խորանները տաճարային կառույցների վերարտադրությունն են մանրանկարչության մեջ»:

1269 թ-ի Երզնկայի Աստվածաշնչի շքեղ հարդարված տասը խորանների գեղարվեստական հարդարանքը փոքր-ինչ անսովոր է: Չնայած այդ շքեղ հարդարանքին, գույների հարուստ ներկապնակին, ոսկու առատությանը՝ դրանք միևնույն ժամանակ աչքի են ընկնում հանդիսավոր զսպվածությամբ: Այդ տպավորությունը ստեղծվում է հիմնականում գծանկարի հստակության շնորհիվ, ուր ամեն ինչ ենթարկվում է խիստ համաչափության պահանջներին: Խորանների վերին և կողմնային լուսանցքներում չկան թռչունների, ծառերի և ծաղկած թփերի ավանդական պատկերները: Զարդարանքների ընտրության հարցում նկատվում է որոշակի զսպվածություն: Միայն երկու դեպքում է, որ գլխազարդերի վրա հայտնվում են սիրամարգերի պատկերներ: Խորանների գլխազարդերն ուղղանկյուն են: Յուրաքանչյուր զույգ խորան ունի համանման, սակայն չկրկնվող զարդային հարդարանք: Առաջին զույգ խորանի գլխազարդերում մեծ տեղ են զբաղեցնում մեդալիոնները, ուր պատկերված են Եվսեբիոսի և Կարպիանոսի կիսանդրիները: Այդպիսի պատկերները հայկական մանրանկարչության առանձնահատկությունն են սկսած 13-րդ դարից:

Բարձր Հայքի մանրանկաչության պատմությունից հայտնի է, որ եղել է ժամանակաշրջան, երբ խորանները նկարվում էին մեկ հիմնական գույնով՝ կարմրավուն ներկի տարբեր երանգներով, որի ավելի տարրալուծված երանգներն օգտագործվում էին գունավորման համար: Այդ նկարներն արվում էին որդան կարմիրով, որը պատրաստվում էր միջատներից:

Մատ. հմր. 7630 Ավետարանը (1332թ.) ունի տասնհինգ խորան: Բացվածքների զույգ խորանները ավանդաբար նմանատիպ նախշեր ունեն, որոնց առանձին մանրամասները չեն կրկնվում: Խորանների գլխազարդերը զարդարված են բուսական նախշերի տարատեսակներով, որոնց մեջ ներմուծվում են ինչպես իրական, այնպես էլ մտացածին կենդանիների և թռչունների պատկերներ: Գլխազարդերի վերևում պատկերված են հակընդդեմ զույգ հավքեր, որոնք սովորաբար տեղադրված են լինում խաչի երկու կողմերում կամ էլ աղբյուրից ջուր խմելիս: Չնայած որ պատկերները որոշակիորեն ոճավորված են, սակայն թռչունների տեսակները գրեթե միշտ ճանաչելի են: Խորաններից մեկի գլխազարդի վերևում կա երկու աքաղաղ, որոնք կանգնած են խաչի երկու կողմերում: Խորանի կողմնային մասում, լուսանցազարդի վերևում պատկերված են կաքավներ, որոնք խորհրդանշում են առաքյալներին: Այստեղ ինքնատիպ է պարանոցը ցած հակած ձկնկուլի պատկերը: Ձկնկուլը, ինչպես և թոնձը, ձկնորս թռչուններ են և խորհրդանշում են առաքյալներին՝ մարդկային հոգիների որսորդներին: Իսկ մեկ այլ խորանի գլխազարդի վերևում պատկերված է աղբյուր՝ ծարավ հագեցնող սիրամարգերով: Այս Ավետարանի խորանները աչքի են ընկնում դասական համամասնություններով (գլխազարդը զբաղեցնում է խորանի բարձրության 1/3 մասը), առկա են բոլոր հիմնական բաղադրատարրերը՝ թռչուններ աղբյուրի կամ խաչի երկու կողմերում՝ գլխազարդի վրա, իսկ խորանների եզրային մասերում պատկերված են ծառեր կամ թփեր՝ տարբեր հավքերով:

1380 թ. Խաղտիքի Խաղ մենաստանում գրված Ավետարանում ընդգրկված են տասնչորս խորաններ: Խորաններում նախշազարդ են ոչ միայն գլխազարդերը, այլև սյուներն ու նրանց հիմքերը: Խորանների ճարտարակերտության հետք իսկ չի մնացել, ամեն ինչ ենթարկվում է ինքնատիպ, զուտ ժողովրդական զարդանախշմանը: Այս էջերը հիշեցնում են գորգեր կամ ասեղնագործ սփռոցներ ու վարագույրներ:

Թիվ 9422 ձեռագրի խորաններն իրենց գեղարվեստական որակով և պատկերների արտակարգ բազմազանությամբ առանձնանում են XIII դարի Պալատական մատյանների շարքում: Աշխատության մեջ առաջին անգամ լիարժեք նկարագրվել են խորանների կառուցվածքային տարբեր մասերում տեղ գտած մանր պատկերները, որոնք անզեն աչքով մինչ այժմ տեսանելի չեն եղել: Ճակատազարդերում հանդիպում են մարդկային դեմքերի, մարմինների, կենդանիների գլուխների և բուսական տարրերի բարդ միացություններ, ինչպես նաև երևում են մեկ գլուխ և երկու մարմին ունեցող արարածներ (bicorporate): Բացառիկ են երկրորդ խորանում պատկերված մարդկային գլխով և կենդանական մարմնով էակները, որոնց և՛ վիզը, և՛ մարմինը բաղկացած են երկդեմ ու կիսադեմ կերպարանքներից: Վերջիններիս քանակը հասնում է տասներեքի: Այս խորանների սյուների խոյակներում ու հիմքերում հանդիպում են զրուցող մարգարեների, սրբերի պատկերներ, ինչպես նաև Աստվածամայրը՝ «Օրանտի» կերպարով: Ուշագրավ են կենդանամարտի և հատկապես բարդ դիրքերով ներկայացված որսի տեսարանները։ Խորաններն առանձնանում են եզակի հարդարանքով, բարդ խորհրդաբանությամբ, պատկերների կուռ համակարգով, որի հմայքը մեծ չափով ապահովված է նաև առատորեն գործածված ոսկու հետ համադրված վառ և հարուստ ներկապնակով: Խորաններից յուրաքանչյուրը կարծես ոսկերչական աշխատանք է:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

30.11.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․