Մի անգամ վանականին մի աղջիկ հանդիպեց՝ ջրով լի դույլը ձեռքին: Ինքն էլ չիմացավ, թե ինչու, բայց տարվեց ու նրա աչքերին նայեց, և նույն պահին միտքը ներշնչեց նրան, որ այդ աղջիկն անառակ է, բայց հենց այդ միտքը եկավ, նա շատ վշտացավ ու այդ մասին աբբա Հովհաննեսին պատմեց.
- Հայր Սուրբ, ի՞նչ պետք է անեմ, երբ ակամայից ինչ-որ մեկի շարժուձևն ու քայլվածքն եմ նկատում ու միտքս ինձ այդ մարդու հոգևոր կառուցվածքի մասին է ասում:
Ծերը պատասխանեց.
- Դե ինչ, մի՞թե չի պատահում, որ որևէ մեկը, ով բնածին թերություն ունի՝ մեծ ճիգերով ու աշխատանքով ուղղում է այն: Այդ պատճառով էլ չի կարելի դրա հիման վրա որևէ մեկի հոգևոր կառուցվածքի մասին կարծիք կազմել: Այսպիսով, երբեք մի հավատա ենթադրություններիդ, քանի որ ծուռ կանոնն ուղիղն էլ է ծուռ դարձնում: Մարդկային կասկածները կեղծ են և վնասում են նրան, ով տրվում է դրանց:
Եվ այդ օրվանից, երբ միտքը նրան արևի մասին ասում էր, որ արև է կամ խավարի մասին, որ խավար է, նա չէր հավատում, քանզի ավելի ծանր բան չկա, քան սեփական կարծիքին հավատալը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի