19 Հոկտեմբեր, Շբ Սուրբ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոն
Մատթեոս
Մատթեոսը Կափառնայումում մի մաքսավոր էր, այսինքն պետական պաշտոնյա: Մաքսավորները հրեաների համար ատելի մարդիկ էին երկու պատճառով: Նախ՝ մի օտար պետության համար ծառայող հրեա պաշտոնյաներ էին, որոնք ատելի իշխանության համար տուրքեր գանձելով՝ ժողովրդի խավերի հետ ուղղակի շփման մեջ էին: Երկրորդ՝ սահմանված չափից ավելի էին վերցնում, որպեսզի իրենք էլ հարստանան: Նրանք նույնացվել էին «մեղավորների» հետ և առհասարակ միասին էին հիշատակվում: Սրան հակառակ, մաքսավորները նպաստավոր լուսի տակ են ներկայացված Ավետարաններում: Օրինակ՝ Հովհաննես Մկրտչի մոտ մկրտության եկողների մեջ կային նաև մաքսավորներ, որոնք հարցնում էին մարգարեին, թե ինչ է արժանի անել: Հովհաննեսը հրամայում է. «Ձեզ հանձնարարվածից ավելին մի՛ վերցրեք» (Ղուկաս 4:12-13): Հայտնի է նաև մաքսավորի և փարիսեցու մասին առակը, որոնք աղոթելու համար տաճար են գնում և մաքսավորը, իր մեղավոր լինելը ընդունելով, Աստծուց քավություն է հայցում իր մեղքերի համար և Հիսուսը հաստատում է՝ «Սա ավելի արդարացած գնաց իր տուն, քան փարիսեցին», որը եբրայական չափանիշներով բարեպաշտության տիպար էր: Հայտնի է նաև Զաքեոս մաքսավորի դարձը, ինչը նրա ողջ ինչքը աղքատներին տալով և իրենից տուժածներին քառապատիկ հատուցելով եղավ: Սրանցից մեկն էր նաև Լևի (Ղևի) Ալփյանը, որը Մատթեոսի նախկին, կամ հրեական անունն էր: Երբ Քրիստոսն անցնում էր, նա Կափառնայումում իր մաքսատան մեջ նստած էր: Աստծո սրտագետ Որդին, նրա մեջ առաքելական ատաղձ տեսնելով, պարզապես ասաց. «Արի՛ իմ ետևից»: Ամենայն հավանականությամբ, Մատթեոսը Կափառնայումի ժողովարանում լսել էր Քրիստոսին քարոզելիս և ականատես, կամ ականջալուր էր եղել Նրա հրաշքներին և հետևաբար բարի տրամադրվածություն ուներ Քրիստոսի հանդեպ, այնպես, որ երբ Նրա կողմից կանչվեց՝ սիրով և պատրաստակամությամբ «թողեց ամեն ինչ» և հետևեց Հիսուսին:
Սակայն նախքան իր գործից և ընկերական միջավայրից հրաժարվելը, Մատթեոսը իր տան մեջ մեծ ընդունելություն կազմակերպեց, որին հրավիրեց իր պաշտոնակից ընկերներին և Քրիստոսին՝ աշակերտներով հանդերձ: Այս հանգամանքը դպիրների և փարիսեցիների համար տրտնջալու մեծ պատճառ եղավ, ասելով թե «Հիսուսը մեղավորների և մաքսավորների հետ սեղան է նստում», որին Հիսուսը իր նշանավոր պատասխաններից մեկը տվեց՝ ասելով, «Առողջները բժշկի կարիք չունեն , այլ՝ հիվանդները, գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ցանկանում, ոչ թե զոհ» (մարգարեական խոսքը): Բացի այս, Քրիստոսը ավելացրեց «Ես չեկա արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մատթ. 9:9-13):
Ավետարաններից այսքանն է մեզ հայտնի Մատթեոսի մասին, մնացածը փորձում է լրացնել ավանդությունը, որն ասում է, որ նա քարոզչությամբ գնացել է մինչև Հաբեշստան, կամ Պարսկաստան և Պարթևստան, որն էլ համարվում է նրա նահատակության վայրը:
Մատթեոսի փառքը նրա Ավետարանն է՝ Նոր Կտակարանի առաջին գիրքը և հարմարագույն օղակը Հին Կտակարանի և Նոր Կտակարանի միջև: Արդարև այս գրքի առաջին էջը, իբրև Հիսուս Քրիստոսի օրինական նախահայրերի՝ «Դավթի Որդի, Աբրահամի Որդի», հինկտակարանյան «հիմնադիր հայրերի» և արքայական զարմերի մասին հիշատակությամբ է սկսվում: Իր գրքում նվազագույնը վաթսուն մեջբերումներ կան Հին Ուխտի մարգարեություններից, որոնցից քառասունը՝ իբրև Քրիստոսով կատարված մարգարեություններ: Հետևաբար այս գրքի համար մի բանալի բառ է «կատարվեց ասվածը» այսինչ մարգարեի կողմից, նաև «երկնքի թագավորության» բացատրությունը, որը երեսունից-քառասուն անգամ հիշատակվում է այստեղ: Նրա նպատակն է հաստատել, որ Հիսուս Նազովրեցին ակնկալված մեսիան էր: Նշանավոր է Մատթեոսի ավետարանի «Լեռան քարոզը» (5-7-րդ գլուխներ), որը Նոր Ուխտի օրինագիրքը, կամ սահմանադրությունը կարելի է համարել և որը միաժամանակ կարելի է համարել համամարդկային կրոնական գրականության գագաթը:
Մատթեոսը մեզանում տոնվում է իր մյուս երեք ավետարանիչ ընկերների հետ միասին՝ Ս. Խաչի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Մարկոս
Մեր Տոնացույցում այս Հովհաննես և Մարկոս անուններն էլ տարբեր երկու անձերի են տրվել և ըստ այդմ անցել են օրացույց: Երկու անուններով հայտնի այս անձը առաջին անգամ հիշատակվում է Գործք Առաքելոցում, երբ Պետրոս Առաքյալը բանտից ազատվելով նրանց տուն է գալիս. «Եվ Պետրոսը… եկավ Մարիամի տուն, Հովհաննեսի, որը կոչվեց Մարկոս, մոր տուն» (Գործք 12:12): Այստեղից նախ հայտնի է դառնում, որ Հովհաննես և Մարկոս անունները նույն անձի տարբեր անուններն են, մեկը՝ եբրայերեն, մյուսը՝ հունա-հռոմեական տարբերակով: Այս երկակի անուն ունենալը հատուկ էր քրիստոնեական եկեղեցու առաջին գործիչների մեծ մասին: Վերոհիշյալ հատվածից երևում է նաև, որ իր մայրը նույնպես հայտնի անձնավորություն էր նորածին եկեղեցում, և այն, ինչ որ առավել կարևոր է, որ իրենց տունը նախնական քրիստոնյաների գլխավոր հավաքատեղիներից մեկն էր, քանի որ վերոհիշյալ մեջբերմանը հաջորդում է հետևյալ խոսքը. «Որտեղ շատերն էին հավաքվել և աղոթում էին»:
Ուրեմն Մարկոսը Երուսաղեմից է և Բառնաբաս Առաքյալի եղբորորդին, ինչը որ հաստատում է Պողոս Առաքյալը Կորնթացիներին ուղղված նամակի ողջույնի խոսքում. «Մարկոս, Բառնաբասի եղբորորդի» (4:10): Երբ Բառնաբասը և Պողոսը Երուսաղեմ եկան, Անտիոքի հավատացյալների նյութական նվերը Երուսաղեմի աղքատ եկեղեցուն բերելով, վերադարձին իրենց հետ նաև վերցրեցին «Հովհաննեսին», որը Մարկոս էր կոչվել» (Գործք 12:25): Եվ իրենց առաջին ճանապարհորդությանը իրենց միացավ նաև Մարկոսը, որպես «պաշտոնյա», այսինքն օգնական, որը սակայն հազիվ Փոքր Ասիա հասած, Պողոսին ինչ-որ տհաճություն պատճառելով, Երուսաղեմ վերադարձավ և այդ իսկ պատճառով երկրորդ ճանապարհորդությանը Պողոսը չցանկացավ Մարկոսի ընկերակցությունը, որի պատճառով Բառնաբասը և Մարկոսը Կիպրոս վերադարձան, որտեղ, ամենայն հավանականությամբ, շարունակեցին իրենց սկսած ավետարանչականության գործը: Պողոսի թղթերի մեջ տեսնում ենք, որ իրար հետ հաշտվել են հետագայում: Ինչպես վերը տեսանք, Հռոմում, Պողոսի բանտարկության ժամանակ, Մարկոսը Պողոսի հետ էր, ում միջոցով Պողոսը ողջույն է ուղարկում Կողոսայի Եկեղեցուն, ուր քարոզչական առաքինությամբ ուղարկվում է Մարկոսը:
Տիմոթեոսին գրված երկրորդ թղթում Պողոսը հանձնարարում է նրան, «Մարկոսին քեզ հետ բեր, քանի որ անհրաժեշտ օգնական է իմ համար» (Բ Տիմ. 4:11);
Մարկոսի անունն անմահացնողը և քրիստոնեական եկեղեցուն իր մատուցած մնայուն ծառայությունն իր Ավետարանն է: Թերևս չորս Ավետարանների մեջ ամենահամառոտը, բայց միաժամանակ ամենահնագույնն է: Կարծիք կա, որ գրվել է Պետրոս Առաքյալի թելադրանքով և առաջնորդությամբ, որը նրան իր առաջին թղթում կոչում է. «Մարկոսը՝ իմ որդին» (Ա Պետ. 5:13): Այն գրված է համարվում հեթանոսների՝ հատկապես հռոմեացիների համար: Նա Քրիստոսին ներկայացնում է որպես խոսքով և գործով մի հզոր անձնավորություն: Իր ոճը պարզ, հատու և համառոտ է:
Հիշատակվում է չորս Ավետարանիչների հետ, Ս. Խաչին հաջորդող Զ կիրակիի շաբաթ օրը:
Ղուկաս
Այս սքանչելի անձնավորության անունը միայն երկու – երեք անգամ է հիշատակվում Նոր Կտակարանում, այն էլ Պողոս Առաքյալի թղթերում, զանազան ուրիշ անունների շարքում: Առաջինը Փիլիմոնին ուղված Պողոս Առաքյալի կարճագույն թղթի մեջ որպես «գործակից» (24-րդ համար) և Կողոսացիներին գրված թղթի մեջ որպես «Ղուկաս սիրելի բժիշկը» (4:14): Մի այլ տեղ առաքյալը հաստատում է. որ բոլորը հեռացել են «Միայն Ղուկասն է ինձ հետ» (Բ Տիմ. 4:10): Այս մեջբերումներից եզրակացնում ենք, որ Ղուկասը մասնագիտությամբ բժիշկ էր և Պողոս Առաքյալի ամենահավատարիմ և անձնվեր գործակիցներից մեկը: Արդարև Գործք Առաքելոցի ԺԶ գլխի 11-րդ համարից սկսած հեղինակը դեպքերը ներկայացնում է առաջին դեմքով, ինչը նշանակում է, թե գրողը մասնակից և ներկա է դեպքերին: Արդ հայտնի է, որ Գործք Առաքելոցի հեղինակը, նույն ինքը Ղուկասն է: Ուրեմն կարելի է ենթադրել, որ Պողոսի երկրորդ ճամփորդության ընթացքին, Տրովադայից սկսած, Ղուկասն ընկերացել է Պողոս Առաքյալին՝ մինչև նրա չորրորդ և մեզ հայտնի վերջին ճամփորդությունը դեպի Հռոմ: Նրա անունից և այլևայլ պարագաներից ենթադրելի է, որ Ղուկասը հրեա չէր, այլ հեթանոսությունից դարձի եկած մի քրիստոնյա:
Ղուկասի մեզ թողած անգին ժառանգությունը նրա մեզ թողած Ավետարանն է և Գործք Առաքելոցը:
Ճիշտ չենք համարում Ավետարանները մեկը մյուսից գերադաս համարելը: Նրանցից յուրաքանչյուրը նույնքան կարևոր, կատարյալ և անհրաժեշտ է, որքան մյուսները: Վերջապես նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն գեղեցկությունը, յուրահատուկ համը և հոտը ունի, ինչպես վարդը և մեխակը, շուշանը և ոսկեծաղիկն ունեն իրենց յուրահատուկ փառքը և փայլը: Ղուկասի Ավետարանը գրական և բովանդակային առումով ծայրից ծայր գեղեցկություն և կատարելություն է, Հիսուսի մանկության գողտրիկ դրվագներից մինչև Էմավուսի թախծոտ ճամփորդները: Սրտագրավ են «Բարի սամարացու» և «Անառակ որդու» անփոխարինելի առակները, համամարդկային է աղքատներին, տնանկներին, խոնարհներին, կանանց, մանուկներին և մեղավորներին ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը մեր Փրկչի կողմից: Փրկությունը կենտրոնական բառ է այս ավետարանի մեջ: Աղոթքը այստեղ գերազանց տեղ է գրավում, համաքրիստոնեական հնագույն շարականներն այս Ավետարանից են վերցված, կամ ներշնչված՝ «Ավե Մարիա», «Մեծացուսցե», «Փառք ի բարձունս» և այլն:
Անփոխարինելի է «Գործք Առաքելոց» գրքով Ղուկասի ծառայությունը Քրիստոնյա Եկեղեցուն, որը շարունակությունը և երկրորդ հատորն է իր Ավետարանի և, այսպես ասած, առաջինը՝ Եկեղեցական պատմության: Առանց այս թանկարժեք գրքի շատ բան խավարի մեջ պիտի մնար Քրիստոնեական Եկեղեցու ծագման, ծնունդի և առաջին քայլերի մասին: Նախ, Երուսաղեմը որպես կենտրոն ունենալով, ներկայացնում է Պաղեստինում Եկեղեցու արմատավորումը և ապա, որպես կենտրոն ունենալով Անտիոքը և Եփեսոսը, մերձակա երկրներում՝ Սիրիա, Կիպրոս, Փոքր Ասիա, Հունաստան և մինչև Հռոմ, նրա տարածվելը:
Ղուկասը, հակառակ Նոր Կտակարանի էջերում իր աննշմար մնալուն, նախնական եկեղեցու ամենանշանավոր գործիչներից մեկն է: Նա հիշատակվում է Ավետարանիչ ընկերների հետ Ս. Խաչի Զ կիրակիի շաբաթ օրը:
Հովհաննես
Առաքյալների դասից ամենապայծառ և խոհեմ անձնավորությունը: Սիրո աշակերտը, Աստվածաբան Ավետարանիչը, Հայտնության Մարգարեն:
Հովհաննեսը, հակառակ մարդկանց մտքերում պատկերված հանդարտաբարո անձի պատկերի, ավետարաններում հանդես է գալիս իբրև անհանդուրժող, վրեժխնդիր, կորովի և փառասեր մի երիտասարդ, սակայն, Քրիստոսի հանդեպ միշտ նվիրումով լցված: Քրիստոսին աշակերտելու երեք տարիները լիովին բավական եղան, որ նա դառնար ավետարանի շքեղ անձնավորություններից մեկը: Նրա մեջ ներդաշնակվել են մարդկային նկարագրի հակադիր կարծված գծերը՝ եռանդը և հանդարտությունը, քաջությունը և բարությունը, մեծությունը և խոնարհությունը, սերը և խստությունը:
Թվում է, թե առաքյալներից ամենակրտսերն էր, բայց միևնույն ժամանակ ամենաերկարակյացը: Իր բարեհամբույր բնավորության, նվիրումի և այլ ազնիվ հատկանիշների համար արժանացել է Հիսուսի մասնավոր սիրուն այն աստիճան, որ ստացել է «Սիրելի աշակերտ» տիտղոսը: Որքանով որ Հովհանեսն այս սիրուն արժանացավ Քրիստոսին պաշտպանելու համար արված ինչ-ինչ միամիտ արտահայտություններով, նույնքանով և առավել ևս Հիսուսի ձերբակալման գիշերը, երբ մյուս աշակերտները թողեցին և փախան, ինքն իր սիրելի Վարդապետին հետևեց չարչարանքների ամբողջ գիշերը, խաչի ճանապարհին, մինչև Գողգոթա, որտեղ, արդարև, արժանացավ գերագույն շնորհին՝ Հիսուսն Իր մորը հանձնեց Հովհաննեսին և նրան էլ իր մոր որդին հայտարարեց: Եվ Հովհաննեսը, հանձինս Աստվածամոր, իր բարեպաշտ մոր կողքին երկրորդ և նույնքան հարազատ և անգերազանցելի մայր ունեցավ:
Կիրակի առավոտյան, երբ իմացավ Հիսուսի գերեզմանի պարապ լինելու մասին, Պետրոսի հետ շտապեց դեպի գերեզման, տեսավ ամեն բան և առանց հարուցյալին տեսնելու՝ «հավատաց» Հիսուսի հարությանը:
Հովհաննեսն, իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ միասին, որոնցից անբաժան է իր անունը Գործք Առաքելոցի սկզբնամասերում, առաջին Եկեղեցու սյուներից մեկն է: Օրինակ՝ ի ծնե կաղի բժշկությունը, որ հրեաների մեջ մեծ աղմուկ հանեց և երկուսի ձերբակալության և բանտարկվելու պատճառ դարձավ, հավասարապես վերագրվում է երկուսին: Հաջորդ օրն իրենց ազգային գերագույն ժողովի մոտ տարվեցին, որտեղ համարձակորեն պատասխան տվեցին և մեծամեծները «Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և վերահասու լինելով, որ տգետ և անուսում մարդիկ էին, զարմացել էին»: Նրանց պատժելու համար օրինավոր որևէ պատճառ չգտնելով, նրանց պարզապես արգելեցին «Հիսուսի անունով ամենևին չխոսել և չուսուցանել։ Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցեք։ Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։ Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց» հաշվի առնելով ժողովրդին, որը պատահած հրաշքի համար փառք էր տալիս Աստծուն (Գործք 4:1-22):
Երուսաղեմի ժողովից հետո առաքյալներից գրեթե բոլորը մեկ առ մեկ ցրվեցին զանազան երկրներում: Ավանդաբար պատմվում է, որ Հովհաննեսը գնացել է Եփեսոս, որտեղ երկար տարիներ ապրելով ընդաևձակել է Պողոս Առաքյալի այնտեղ սկսած գործը, մինչև որ աքսորվեց Էգեյական Պատմոս կղզին, որտեղ էլ տեսել է այն խորհրդավոր տեսիլքը, որը մեզ ներկայանում է «Հովհաննեսի Հայտնություն» գրքի մեջ:
Հովհաննեսի մեծագույն փառքն իր Ավետարանն է, որը գրված է նախորդ երեք Ավետարանների համեմատ տարբեր ոճով և տարբեր ոգով, որի նպատակը Քրիստոսի Աստծո որդի ներկայացնելն է: Այս գիրքը Նոր Կտակարանի 27 գրքերից ամենախորն ու ամենահոգևորն է: Այս Ավետարանի մեջ Քրիստոսը ավելի խոր և ավելի ամբողջական հայտնություն է տալիս Իր և Աստծո մասին: Հովհաննեսի Ավետարանը առաջին երեք Ավետարանների լրացումն է: Ավետարանիչը գրքի գրեթե կեսը հատկացրել է Հիսուսի կյանքի վերջին օրերի խոսքերին և գործերին: Հրաշալի է մանավանդ գրքի առաջաբանը, որտեղ Քրիստոս ներկայացվում է որպես Աստծո «Բան»-ը, այսինքն անձնավորյալ իմաստությունը, որն «Ի սկզբանե է. առ Աստված է. և Աստված է»: Հատկանշական է նաև, որ այս ավետարանում անվամբ չեն նշվում ո՛չ ինքը, ո՛չ եղբայրը և ո՛չ էլ իր մայրը: Սա նախ կարևոր ապացույց է, որ այս ավետարանը Հովհաննեսի կողմից է գրված և երկրորդ՝ շեշտում է նրա համեստությունը և խոնարհությունը:
Հովհաննեսի անունով Նոր Կտակարանում երեք կան թղթեր: Առաջինը հինգ գլուխներից բաղկացած մի հոյակապ գրություն է, որի նպատակը առ Քրիստոս հավատացյալներին հավատքը զորացնելով և նրանց հավիտենական կյանքի հավատք ներշնչելով, մեղք գործելուց և սուտ քարոզիչներից հեռու մնալու զգուշացումն է: Բանալի բառերն են «սեր» (գործածվում է ավելի քան քսան անգամ), «գիտություն» կամ դրան համարժեք բառեր (երեսուն անգամ) և «հաղորդություն»: Երկրորդ և երրորդ նամակները, կազմված լինելով մեկական գլուխներից, հանդիսանում են Նոր Կտակարանի ամենակարճ գրությունները, այս թղթերը նախորդից տարբերվում է նրանով, որ ուղղված են անհատների՝ «Ընտրեալ Կյուրաին (Տիրուհի) և նրա որդիներին»: Այս գրությունը Նոր Կտակարանի միակ գրությունն է, որ կնոջ է հասցեագրված, այս թղթի բանալի բառերը նույպես «սեր» և «ճշմարտություն» բառերն են: Հաջորդ գրվածքն ուղղված է «Գայոս սիրելի»-ին»: Թե՛ Ավետարանը և թե՛ թղթերը գրվել են Առաքյալի կյանքի վերջին տարիներին: Համարվում է, որ նա մահացել է 100 թ.-ին, շուրջ 95 տարեկան հասակում: Չնայած, որ կյանքի ընթացքում շատ չարչարանքներ տեսավ, բայց մահացավ խաղաղ պայմաններում, Եփեսոսում: Պատմվում է, թե ծեր տարիքում, երբ արդեն չէր կարող երկար խոսել, գալիս էր եկեղեցի, որպեսզի ասեր. «Մանուկներ սիրեք միմյանց»: Նրա գերեզմանի վրա մի փառավոր եկեղեցի է եղել կառուցված, որի ավերակներն են այժմ մնում:
«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը