.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Նա, ով իրականում ճշմարտապես հավատում է Աստծուն՝ մարդկության Նախախնամողին, ապա կատարելապես համոզված է, որ իր կյանքն սկիզբ է առել Աստծուց, որ ինքն ապրում է Տիրոջ ամենախնամ կամքի ներքո և որ իր կյանքի յուրաքանչյուր պահը Աստծո կողմից իրեն շնորհված անգնահատելի պարգև է: Այդպիսի մեկն անդադար փառաբանում է Պարգևատուին՝ շնորհված պարգևների համար, փորձում է զգոն լինել և ի չարս չգործածել շնորհվածը, որ տրվել է իրեն՝ ի բարին գործածելու նպատակով: Գոհունակ .....
Յուրաքանչյուր խելացի ճամփորդ ճամփորդության ընթացքում ուշադրություն է դարձնում, թե արդյոք ճիշտ ուղով է ընթանում: Այդպես էլ յուրաքանչյուր անձ՝ որպես ճամփորդ, կարիք ունի կանգ առնելու և քննելու, թե արդյոք ճիշտ ուղով է ընթանում: Դեպի հավիտենություն բոլորը չէ, որ նույն ճանապարհով են ընթանում: Սովորաբար մարդիկ դեպի հավիտենություն երկու ճանապարհով են ընթանում. ճանապարհներից մեկը տանում է դեպի հավիտենական երանություն, մյուսը՝ հավիտենական տանջանք: .....
Կյանքը անսահման մեծ պարգև է նրա համար, ով գիտի այն առաքինաբար ապրել՝ հուսալով Տիրոջ կողմից խոստացված մեծագույն պարգևին՝ հավիտենական կյանքին: Ամենամեծ պարգևի՝ կյանքի համար մարդը պետք է գոհանա Աստծուց և գոհանա բարի գործերով: Մարդը չի արարվել միայն իր համար, և յուրաքանչյուր անձ՝ որպես եկեղեցու և հայրենիքի զավակ, պարտավոր է հավատարմորեն ծառայել իր եկեղեցուն և հայրենիքին՝ հասարակական բարիքը չստորադասելով անձնականից: «Մենք՝ հավատի մեջ .....
Այս կանքում ամեն ինչ չէ, որ մարդ կարող է հասցնել, օրինակ՝ բոլոր գիտություններն ուսումնասիրել, բոլոր երկրներով մեկ ճամփորդել և կարելի է այս շարքը թվարկել, ուստի Քրիստոսի հետևորդի համար անչափ կարևոր է հոգալ ամենակարևորի՝ հոգու փրկության մասին: Փրկությունը Աստծո հետ միավորումն է հավիտենական կյանքում, ինչին կոչում է եկեղեցին՝ ի լուր ամենքի: Սա այն է, ինչին ձգտում է յուրաքանչյուր քրիստոնյա՝ ահեղ դատաստանին լսել Տիրոջ կողմից ասված երանելի .....
Ժամանակը մեր շուրջն անընդհատ փոխվում է, փոփոխվող աշխարհում ոչինչ հաստատուն չէ: Պլանները, որ մարդը կառուցում է ապագայի համար, հնարավոր է չիրագործվեն. առողջ մարդը կարող է վաղը հիվանդանալ, հարուստը աղքատանալ, կամ մարդը, որ այսօր ապրում է, վաղը կարող է այլևս չլինել: Փոփոխական և անցողիկ աշխարհում կարևոր է, թե մարդն ի՞նչ ժամանակով է ապրում, ո՞րն է իր համար գլխավոր ժամանակը: Իմաստուններից մեկն ասել է, որ մեծ խնդիրներն առաջ են գալիս ժամանակին չարված .....
Ինչպես ծառն է պտուղ տալիս իր տիրոջ և շատ ու շատ մարդկանց համար, այդպես էլ բարի մարդն է հանուն Աստծու փառքի և ի օգուտ մերձավորի բարի պտուղ տալիս: Աստված մարդու սրտում բարին է սերմանում, որպեսզի բարու մեջ ամրանա, քանի որ առանց Աստծու մարդը չի կարող թե՛ բարի լինել և թե՛ բարին արարել: «Առանց ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք Իմ անունով, .....
«Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմածությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ, վերացնում անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը...» (Ելք 34: 6-7),- ասաց Տերը, երբ անցնում էր Մովսես մարգարեի առջևից: Առաքինի կյանքով ապրող քրիստոնյան իր կյանքով է վկայում իր Աստվածանման լինելու, իր հոգու բարության ու գեղեցկության մասին: Բարի սիրտ ու կամք ունեցող մարդուց .....
Աստված յուրաքանչյուր մարդու ազատ ընտրության հնարավորություն է պարգևել, և աշխարհի երեսին չկա մի մարդ, որի առջև բաց չլինի դեպի փրկություն և դեպի կործանում տանող ուղիները: Այսինքն՝ մարդն անկախ իր վիճակից, կարող է ազատորեն ընտրել այդ ուղիներից որևէ մեկը: «Ձեր առջև եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Երկրորդ Օրենք 30:19),-ասում է Տերը: Թե՛ հարստությունը, թե՛ աղքատությունը, .....
Հունիսի 2-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, ՀԿ-ի սաները երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում մասնակցեցին տոնական միջոցառման: Արև երեխաներն արդեն տոնական տրամադրությամբ էին մուտք գործում սրճարան: Մինչ միջոցառումը արևներն ու նրանց ծնողները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր .....
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից «Հայ միասնության խաչ»-ի Արվեստաց դպրոց հաճախող 46 հաշմանդամ և 150 անապահով ընտանիքների երեխաներ մասնակից եղան իրենց համար պատրաստված միջոցառման, .....
Սեր ունեցողը մոռանում է իր «ես»-ը և առաջնորդվում Ոսկե օրենքով, որն ասում է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթ.7:12): Ավետարանական պատգամների իրագործումն սկսվում է հանուն Աստծո փառքի իրագործված փոքր քայլերից: Քրիստոնյան, Անտուան դե Սենտ Էկզյուպերիի խոսքերով, չի հայցում Տիրոջից հրաշքներ և տեսիլքներ, այլ ուժ ամեն օրվա համար և իմաստություն՝ սովորելու փոքրիկ քայլերի արվեստը:
Հայ եկեղեցու սուրբ հարկից .....
Աստծուն հնարավոր է սիրել՝ սիրելով Աստծո պատկերը մարդու մեջ: «Այն մարդը, որ ասում է՝«Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհ. 4:20): Քրիստոս, աշխարհ գալով, վերականգնեց անկյալ մարդկային բնությունը՝ Իր օրինակով ուսուցանելով, որ քրիստոնեական կյանքի հիմքը սերն է. «Արդ, եթե Ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր .....
Ողջ աշխարհի մարդիկ մի մեծ ընտանիքի անդամներն են համարվում, ընտանիքի, որի ջերմությունը հնարավոր է պահպանել միայն սիրո և հարգանքի շնորհիվ: Մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամն, ըստ Պողոս առաքյալի, պետք է հետաքրքրվի իր շուրջը եղողներով՝ մտածելով նրանց բարիքի մասին՝ նրանց հավատն ամրապնդելու համար (Հռոմ. 15:2): Ընտանեկան ամրությանն ու ջերմությանն են ուղղված սիրո գործնական բոլոր արտահայտությունները, որոնցից են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և .....
Մայիսի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սարգսյան Ռուզաննային (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սարգսյան ընտանիքը բնակվում է Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում՝ տարրական կենցաղավարության պայմաններից զուրկ երկու սենյականոց տնակում: Տիկին Ռուզաննան չորս զավակ ունի, որոնցից .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև երեխաներ» ՀԿ-ի կողմից համատեղ իրագործված սոցիալական ծրագրերին շարունակում են իրենց աջակցությունը բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող հավատավոր հայորդիներ: Մայիսի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սվետլանային (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ .....