12 Հոկտեմբեր, Շբ
Խիստ ողորմելի եղավ վիճակը, որովհետև Հիսուսի համբարձումից հետո շուրջ քառասունհինգ տարի դեռ հին օրենքի համաձայն տաճարում զոհեր էին մատուցում և քահանայապետ ունեին, սակայն երբ ապստամբեցին, Հռոմի Ներոն կայսրի հրամանով Վեսպասիանոս զորապետը մեծաթիվ զորքով նրանց վրա եկավ և բազում հրեաների կոտորեց ու Գալիլեայից մեծ տարածք գրավեց: Այդ ժամանակ Ներոնը մեռավ, և Հռոմի կայսր դարձավ Վիտելիոս անունով մեկը: Բայց զորքը նրան չընդունեց և Վեսպասիանոսին կայսր հռչակեց բանակում:
Այդ ժամանակ Վեսպասիանոսը Ալեքսանդրիա գնաց, և երբ այնտեղից դեպի Հռոմ էր մեկնում, իր Տիտոս որդուն մեծ զորքով Հրեաստանի վրա է ուղարկում: Երբ վերջինս պաշարում է Երուսաղեմը, ո՞վ կարող է նկարագրել հրեաների թշվառությունը: Բաղարջակերաց տոնի պատճառով այդ օրերին ժողովուրդը շատ մեծ բազմությամբ հավաքվել էր Երուսաղեմում, շրջակա քաղաքների բոլոր բնակիչներն էլ, քաղաքի և տաճարի ամրության վրա հույս դնելով, Երուսաղեմում էին ապաստանել, այս պատճառով կերակուր չգտնելով՝ շատերը քաղցից մեռնում էին:
Տիտոսն, օրըստօրե պաշարումը սաստկացնելով, վերջապես գրավում է Երուսաղեմը, որտեղ ոչինչ կանգուն չէր մնացել, և տաճարն իսկ բոլորովին ավերակ էր դարձել: Հրեաներից այնքան մարդ է կոտորվում, որ սովից ու սրից կոտորվածների և գերյալների թիվը երկու միլիոնից ավելի է լինում: Ահա այս կերպ դադարեցին քահանայապետությունն ու զոհագործությունը, և կատարվեց Սուրբ Գրքի պատգամը, որ Գաբրիել հրեշտակը հայտնել էր Դանիել մարգարեին: Նաև կատարվեցին Երուսաղեմի և տաճարի ավերման մասին Հիսուսի ասած խոսքերը (տե՛ս ԽԸ. և ԾԲ. հարցերը):
Հիրավի, հրաներն իրենց չար գործերին համապատասխան պատժվեցին, սակայն այս աշխարհի վրա պատահած աղետները միշտ գթությունից հետո են գալիս: Այս պատճառով դեռ այդ սոսկալի պատերազմը տեղի չունեցած՝ յոթ տեսակի հայտնի հրաշքներ տեսնվեցին Երուսաղեմում, որպեսզի բնակիչները հասկանալով դարձի գային և ուղղվեին:
Առաջին՝ նիզակաձև մի աստղ է երևում և մի տարի Երուսաղեմի վրա մնում:
Երկրորդ՝ Բաղարջակերաց տոնին՝ գիշերը ժամը իննին, սեղանի և տաճարի վրա փայլակի նման լույս ծագելով՝ կես ժամ ցերեկվա նման լույս է լինում:
Երրորդ՝ մի մարդ տոնի առթիվ զոհաբերության համար մի էգ հորթ էր բերել տաճար, որտեղ նա մի գառ է ծնում:
Չորրորդ՝ տաճարի արևելյան կողմի դուռը, որ շինված էր պղնձից և շատ ծանր էր, այնպես որ քսան մարդ հազիվ էին բացում ու փակում, գիշերվա ժամը վեցին ինքն իրեն բացվում է:
Հինգերորդ՝ տոնից մի քանի օր հետո՝ արևը դեռ մայր չմտած, երկնքում սպառազեն զորքեր են երևում, որոնք, քաղաքը շրջապատելով, պատերազմով հարձակվում են միմյանց վրա:
Վեցերորդ՝ Պենտեկոստեի տոնի գիշերը, երբ քահանաներն ըստ սովորության տաճարում աղոթում էին, երկրաշարժ է պատահում և բազում ձայներ են լսվում, թե՝ «Գնանք այստեղից, գնանք այստեղից»:
Յոթերորդ՝ ստորին դասակարգից Հեսու անունով մի մարդ, որի հոր անունը Անանիա էր, Տաղավարահարաց տոնի ժամանակ հանկարծ սկսում է տաճարի մեջ աղաղակել. «Ձա՛յն արևելքից, ձայն արևմուտքից, ձայն երկրի չորս կողմերից, ձայն Երուսաղեմի և տաճարի վրա, ձայն այս փեսաների և հարսների վրա, ձայն ժողովրդի վրա, վա՛յ, վա՛յ Երուսաղեմին»:
Թեպետ այդ մարդուն շատ անգամ սաստիկ ծեծելով պատժեցին, բայց անկարող եղան արգելելու: Այսպես յոթ տարի գիշեր ու ցերեկ փողոցներում աղաղակում էր: Պատերազմի ժամանակ ևս, երբ պարսպի վրա շրջելով աղաղակում էր, հռոմեացիները նրան զարկում են, և «Վա՛յ ինձ» ասելով՝ անմիջապես մեռնում է:
Բացի սրանից՝ Հրեաստանի և Երուսաղեմի բոլոր հավատացյալներն աստվածային ազդեցությամբ Հորդանանից այն կողմ՝ ուրիշ երկիր են գաղթում, սակայն հպարտ ու համառ հրեաները ո՛չ վերոհիշյալ հրաշքներից և ո՛չ էլ քրիստոնյաների գաղթից բնավ չեն խրատվում և օրըստօրե ավելի առաջ են գնում չարության մեջ: Այդ պատճառով շատ ողորմելի ու թշվառ վիճակի մեջ ընկած՝ առհասարակ թափառական են դառնում:
Լա՛վ հասկացիր, ընթերցո՛ղ, սկզբնական ժամանակներում նրանք հաճախ մեղանչում էին, և Աստված պատժում էր նրանց, բայց երբ զղջալով ՝ անկեղծ սրտով դառնում էին առ Աստված, ազատվում էին իրենց թշնամիների ձեռքից: Ինչպես որ Հովսեփին վաճառելու համար Եգիպտոսում շատ տառապանք ու նեղություն կրեցին Փարավոնի ձեռքից, բայց երբ դարձան և աղոթեցին առ Աստված, մեծ փառքով ազատվեցին Մովսեսի ձեռքով:
Անապատի մեջ Աստծու հրամանին հակառակ գործելով՝ երեսունութ տարի դատապարտվեցին այդ անբերրի և անջուր վայրերում շրջելու, այնպես որ բոլոր հանցավորների մահից հետո նրանց որդիները Ավետյաց երկիրը ժառանգեցին: Դատավորների ժամանակ շատ անգամ մեղանչում էինօրենքի դեմ, և Աստված պատժում էր նրանց քանանացիների և այլ ազգերի ձեռքով, սակայն իրենց զղջման և աղաչանքների համար Աստված ազատում էր նրանց:
Երբ նրանք, կռապաշտության դիմելով, սպանում էին մարգարեներին, Աստված նրանց դատապարտեց Բաբելոնի գերության, իսկ յոթանասուն տարուց ազատվելով՝ տաճարն ու Երուսաղեմը վերստին կառուցեցին: Այնուհետև դարձյալ օրենքին դեմ անարժան ընթացք ունենալու համար Անտիոքի թագավոր Անտիոքոս Եպիփանի ձեռքից շատ տառապանք կրեցին, բայց Աստված Մակաբայեցիների ձեռքով դարձյալ ազատեց նրանց:
Արդ, ի՞նչ զարմանք, որ Տիտոսի ձեռքով նրանց պատժվելուց մինչև այսօր, որ հազար յոթ հարյուր վաթսուներկու տարվա չափ ժամանակ է, նրանց հանցանքներին ներում չշնորհվեց, այլևս մարգարե չհայտնվեց, տաճարը օտար ազգի ձեռքն անցավ, և այլևս չկարողացան զոհ մատուցել: Մի՛ զարմացիր. Սուրբ Գրքի պատմության համաձայն՝ նրանք այսպիսի պատժի ենթարկվեցին, որովհետև Քրիստոսին չհավատալով՝ սպանեցին նրան:
Հիրավի, Աստծու հրամանով մարդկային ցեղի փրկության համար Քրիստոսը խաչի վրա պիտի մեռներ, ինչպես որ մարգարեներն էին գրել: Սակայն հրեաները ոչ թե Աստծու կամքը կատարելու համար նրան սպանեցին, այլ իրենց ոխակալության և թշնամության պատճառով, որի համար էլ պարտական համարվեցին:
Այո՛, Աստված շատ բարիք և ողորմություն արեց նրանց: Հատկապես Հին Կտակարանի մեջ Քրիստոսի գալստյան նշանների հայտնությունը մեծ ողորմություն էր նրանց համար, սակայն (ինչպես Լ. և ԼԴ. հարցերում հիշվեց) նախանձի չար զգացումով լցված՝ Սուրբ Գիրքն ուշադրության չարժանացրին, որովհետև եթե ուղիղ սրտով Սուրբ Գրքին ուշադրություն դարձնեին, կարող էին և մանավանդ պարտավոր էին Քրիստոսի գալուստն իմանալ ու հավատալ դրան:
Ահա այս ողորմությունը չճանաչելով՝ ապերախտ գտնվեցին, որով Աստծուն և իրենց նախահայրերին թշնամի եղան, որովհետև իրենց բոլոր նախահայրերի սիրտը, նահապետների, մարգարեների և բոլոր արդարների սիրտը, որոնք հույսով սպասում էին Քրիստոսին, շատ կոտրվեց իրենց որդիների պատճառով: Եվ երբ աշխարհի վախճանին Ենոքի և Եղիայի քարոզությամբ հրեաները հավատան Քրիստոսին, այն ժամանակ նախահայրերի սիրտը պիտի մեղմանա իրենց որդիների հանդեպ, և ահա այդ ժամանակ Մաղաքիա մարգարեի գրած պատգամը պիտի կատարվի:
Այնուհետև, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը աստվածային փառքով և անհամար հրեշտակներով Հովսափաթի ձորը (այն, որ Երուսաղեմի և Ձիթենյաց լեռան միջև է) դատաստանի կգա, արդարներին արքայության աննկարագրելի փառքի կարժանացնի, իսկ մեղավորներին դժոխքի կմատնի: Ահա այդ ժամանակ մարգարեների գրքերի և Նոր Կտակարանի մեջ գրվածներն ամբողջովին կատարված պիտի լինեն:
Արդ ուրեմն, ո՛վ ընթերցող, եթե արքայության մեջ ուրախ և հավիտյան երջանիկ լինել ես ուզում, Աստծու օրենքին հակառակ մի՛ ընթացիր: Քանի որ հնարավորություն ունես, առանց հապաղելու զղջա՛ և ապաշխարի՛ր, որովհետև չգիտես, թե ե՛րբ պիտի մեռնես: Ուստի մահդ միշտ մի՛տքդ բեր և քեզ պատկերացրո՛ւ դատաստանի տեղում և ժամին, որովհետև մեռնելուց հետո արդարների հավիտենական կյանք և մեղավորների հավիտենական տանջանք կա:
Այս պատճառով մարդս պարտավոր է ամեն րոպե մեծ ուշադրությամբ խորհել և հիշել մահը, դատաստանի օրը, դժոխքի տանջանքը և արքայության փառքն ու երանությունը: Մտքիցդ երբեք մի՛ հանիր և մի՛ մոռացիր մանավանդ քո փրկության համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի կրած չարչարանքը, կատարյալ հավատարմությամբ հնազանդվի՛ր նրա հրամանին, որպեսզի երկնքում նրա անվախճան փառքին արժանի լինես, որովհետև խոստացավ. որտեղ ինքն է, իր հավատարիմ ծառան էլ այնտեղ կլինի: