Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Սուրբ Հոգու գալստյան օրը մխիթարությամբ լեցուն
«Եվ Ես պիտի աղաչեմ Իմ Հորը, որ մի ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի: Դա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունն է հայտնում: Աշխարհը չի կարող նրան ընդունել, որովհետև ո՛չ տեսնում է նրան և ո՛չ էլ ճանաչում: Բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեր մեջ պիտի մնա և ձեզ հետ պիտի լինի» (Հովհաննես 14:16-17): Իր խոստման համաձայն՝ Քրիստոս առաքյալներին ուղարկեց խոստացված Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին: Հոգեգալստյան տոնին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ .....
«Զորավոր» երիտասարդաց միության այցը մանկատուն
Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը՝ ապրիլի 26-ին, ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը իրենց հոգևոր պատասխանատու Տ. Զգոն քահանա Աբրահամյանի հետ հերթական անգամ այցելեցին Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Տեր Զգոնը մանկատան տնօրինությանը, մանկավարժներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Մանկատան սաների համար սպասված բարեկամներ են դարձել .....
Այցելություն «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատուն
Ծաղկազարդի տոնին՝ մանուկների օրհնությանն ընդառաջ, մարտի 22-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ միասին այցելեցին «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատուն: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի և երիտասարդաց միության ջանքերով միրգ, քաղցրավենիք և հիգիենիկ պարագաներ .....
«Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը»
Բարի նպատակով արված ջանքն ու աշխատանքը միավորում, ջերմացնում, առաքինացնում և զվարթացնում է մարդկանց: Դեռևս քրիստոնեության հիմնադրման առաջին իսկ օրերից կարևորվում էր համայնքային կյանքում մեկ սիրտ և մեկ հոգի լինելը: Երբ համայնքում յուրաքանչյուրն իր կարողության չափով փորձում էր օգտակար լինել այն անձանց, ովքեր կարիքի մեջ էին: Ուրախություն էին ապրում և՛ տվողները, և՛ ստացողները, բոլորը վայելում էին Աստծո մեծ շնորհը: Զորավոր Սուրբ Աստվածածին .....
«Հիվանդ էի և Ինձ այցելության եկաք…»
«Տե՛ր, ե՞րբ տեսանք Քեզ հիվանդ և այցի եկանք»: Թագավորը պիտի պատասխանի նրանց. «Ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթեոս 25. 37-40): Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը դեկտեմբերի 21-ին միության հոգևոր պատասխանատու Տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ այցելեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքներ: Սա երիտասարդաց .....
Ծառայության սուրբ պարտականությունը
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության կողմից նախաձեռնած «Նվիրիր հույս» խորագրով բարեգործական համերգը նվիրված հատուկ խնամքի կարիք ունեցողներին կայացավ դեկտեմբերի 19-ին: Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա .....
«Նվիրիր հույս». հավատքի գործնական վկայություն
Երբ մարդն ապրում է և գործում հավատքով , հույսով և սիրով, ապա վաղ թե ուշ ոչ միայն ինքն է վայելում սպասելի բարի պտուղները, այլև բաժնեկից է դարձնում նաև իր շուրջը գտնվողներին: Կենդանի հույսով են հաղթահարելի դառնում փորձություններն ու դժվարությունները: Այսպիսի կենդանարար և փրկարար հույսով ապրողը հույս է տալիս, հույս է նվիրում: Դեկտեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Նվիրիր .....
Համայնքի ուշադրության և հոգածության ներքո
Այն որ Վարդանանց, Արցախյան հերոսական, հայրենասիրական ոգին ապրում է, սերունդներ տալով, և որ այդ ոգին այսօր էլ կա, որին մենք հանդիպում ենք, համոզվում ես՝ տեսնելով Գևորգ Եղիազարյանին: 2011 թ.-ին դեկտեմբերին արդեն մեկ տարի յոթ ամիս էր, որ հայոց բանակում ծառայելով՝ իր զինվորական պարտքն էր կատարում Գևորգը՝ արդեն որպես ավագ սերժանտ: Հենց այդ ամիս էլ թշնամու գնդակը ծանր վիրավորեց նրան՝ առ այսօր գամելով անկողնում: Հայրենասեր, ընկերասեր ոգին անհանգստացել .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․