
Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության
Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:
Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:
«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):
Սուրբ նշանակում է մաքուր:
«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):
Սրբերին սկսել են հիշատակել
Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:
Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:
Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:
«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:
Սրբերը մաս են կազմում
Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:
Սրբերը բարեխոսում են
Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:
Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):
Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:
Սրբերի հանդեպ հարգանքը
«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:
Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:
Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:
Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:
Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:
Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:
Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ո՛վ եղբայրներ, այսօր աստվածաբանությամբ ճոխացած մեծն Գրիգորիոս մեզ հրավիրեց հոգևոր ուրախության` իր ճգնավոր բարեպաշտության իմաստների հանդեսին, և մեր առջև սեղանավորեց իր առաքինության աննյութ և անուշահամ խորտիկները, հաճույք պատճառելու մեզ այն կերակրով, որ վեր է բարձրացած բոլոր առաքինություններից: Եվ դուք մի՛ զարմացեք մեր այսքան համարձակությանը, որ խիզախում ենք մեզնից բարձր բաների: Որովհետև այնքան եմ փափագում նրա առաքինություններին, որ .....
Սքանչելագործ Գրիգորիոսը Նեոկեսարիա քաղաքից էր, Ավրելիանոս կայսեր ժամանակ, հեթանոս ծնողների որդի, բայց Աստված որովայնից ընտրեց և առանձնացրեց նրան: Որի համար մանկահասակ` ընտանի դարձավ անապատի, ընծայվեց Քրիստոսին, հրաժարվելով ամեն ինչից, հեռու մնաց հասակակիցներից, հանդեսներից, ճոխ պատմուճաններից, փափկությունից, գինարբուքներից: Նրա առաջին ստացվածքն առաքինությունն էր, և դրանից առաջ` Աստծու երկյուղը և սրանց լծակից իմաստությունն ու ուսման .....
Արդ, այն չար ժամանակ, երբ Թեսաղոնիկե քաղաքի աստվածամարտ Մաքսիմիանոս թագավորը բազում և պես–պես կտտանքներով [տանջում էր] բարեպաշտության սպասավորներին, որովհետև նա շատ ընկղմված էր կռապաշտության խորքերում, միշտ հետապնդում էր նրանց, որ աստվածապաշտության կրոնի հետևորդ էին, մատնում էր բանտի ու տանջանքի: Իսկ քրիստոնյաները, որ կային քաղաքում, ոմանք հետևելով իմաստուն Պողոսին, տեղի էին տալիս ժամանակի բարկությանը, թաքցնում իրենց [համոզմունքները] .....
Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի ժամանակ Աստծու եկեղեցու մեծ հալածանք եղավ, քանի որ Հռոմայեցոց ենթակա աշխարհով մեկ տարածվեց հրաման` երկրպագել կուռքերի` ոսկուց, արծաթից և պղնձից կերպարանած անշունչ արձաններին: Այնուհետև հավատացյալների ժողովներին ամենուրեք նրանց տերության մեջ բազում դեպքեր տեղի ունեցան: Որովհետև ամենուր, որտեղ բռնեին քրիստոնյաներին` թագավորի նշանակած դատավորներն ստիպում էին զոհ մատուցել գարշելի դևերին ու նրանց ձուլածո .....
Երբ բարի բարքերով և աստվածպաշտությամբ կրթվելով լավագույնին են ցանկանում` լցված Աստծու երկյուղով, այն ժամանակ միանգամից այն ամենը ինչ այս աշխարհում արհամարհված է, շտապում է դեպի խոստացված բարիքների վայելչությունը, որովհետև այն ինչ լսվել է և հավատքով հաստատվել իբրև առընթերակից, ցանկացել է նրան` իսկույն ականատես լինելով և ընկալելով կփառավորի Տիրոջը:
Երանելի Երենիոս եպիսկոպոսին Սերմեաց քաղաքում պատահածը. նրա սովորական հեզության և աստվածային .....
Այս սուրբ Երմոնիոսը, որի մարտիրոսական նահատակությունն սկսում ենք պատմել, ըստ մարմնի առաքելական տոհմից էր, որ հոգով նույնպես առաքելական շնորհով վայելչանում էր գեղեցկությամբ: Սա դուստրն էր սուրբ Փիլիպոսի, որ Բան Աստծու աշակերտ և սպասավոր էր, որև երանելի ավետարանիչ Ղուկասն է պատմում. «Կուսությունը և մարգարեությունը պատմում է Աստվածաշունչ Գործք առաքելոց գրքում»: «Եկանք,– ասում է,– Կեսարիա, և մտանք Փիլիպոս ավետարանչի տունը, .....
Հռոմ մեծ քաղաքում Կոմիդեոս ինքնակալի թագավորության ժամանակ, իր հյուպատոսության յոթերորդ [տարում], մեծ և վայելուչ Փիլիպոսին ուղարկեց Աղեքսանդրիա քաղաքը` Եգիպտացոց աշխարհը, իր իշխանությանը հպատակ դարձնելու համար, որպեսզի բոլորը միասին հնազանդվեն նրա հրամաններին: Այս Փիլիպոսը իր կին Կղոդեայի և երկու որդիների` Ապիտոնիոսի ու Սերգեոսի և դուստր Եվգինիայի հետ Հռոմից եկավ Աղեքսանդրիա` բոլոր եգիպտացիներին հռոմեացիների բարքին հարմարեցնելու: .....
Այն ժամանակ Հռոմ մեծ քաղաքում թագավոր էին Դիոկղետիանոսը և Մաքսիմիանոսը, և չար խորհուրդ հղացան` աստված կոչվածների քուրմերի և քաղաքի սինկղիտոսների և մեծամեծների հետ քարոզիչներ ուղարկել Հռոմի բոլոր գավառների իշխանություններին` ողջակեզ և զոհեր մատուցեն աստվածներին, և բոլորը ճաշակեն զոհերի [մսից]: Բոլորին հաճո թվաց այս գաղափարը և մեծ ցնծությամբ ուրախացան և ասացին. «Մենք բոլորս հավանում ենք ինքնակալներիդ հրամանը` մեր բարերար աստվածներին .....
Այն ժամանակ, երբ թագավորում էր Տրայանոսը, բարիատյաց սատանան նրա սիրտը չար միտք գցեց հալածանք սկսելու Աստծու եկեղեցու դեմ: Ամենուրեք նեղում էին Քրիստոսի հավատացյալներին և ստիպում զոհ մատուցել անշունչ դևերին: Եվ ամբարիշտ թագավորը նստեց ատյանում և հրամայեց բոլոր քաղաքներում ու գյուղերում զոհ մատուցել աստվածներին, մանավանդ նրանց, որ Քրիստոսի բարեպաշտությամբ էին [ապրում]: Նամակներով հեծելազոր ուղարկեց ամբողջ երկրով մեկ, որ տանջանքի մատնվեն .....
Մարկիանոս կայսեր երկրորդ տարում նա ուներ մի շատ նշանավոր զորավար, կորովի` պատերազմելիս և փորձված առավել ևս եղջերուների, այծյամների ու ավելի մանր չորքոտանիների որսի մեջ: Նրա անունը Եվստաթեոս էր, և կնոջ անունը` Մարիամե: Եվ նրանք ունեին երկու որդի, առաջինը վեց, երկրորդը` չորս տարեկան: Այրը ցանկալի էր բոլորին և հռչակված էր հարստությամբ` հոտերով և ծառաներով, ձիերով և ուղտերով, նրա սեղանին երեք հարյուր արծաթե սկուտեղ էր բերվում նրան սպասավորելու: .....
Ամբարիշտ և անօրեն Դիոկղետիանոսի թագավորության ժամանակ հռոմայեցոց ամբողջ իշխանությունը լցված էր հեթանոսական պաշտամունքով, բազմատեսակ կուռքերի մոլորությամբ, և ամեն մարդ ամբարշտությունը բարեպաշտություն էր համարում, կատաղած շան նման անզգայորեն տարված էին չար կրոնով: Մանավանդ որ ինքնակալների գրավոր հրամանները ամեն օր ուղարկվում էին նրանց, որ գավառների իշխան և կուսակալ էին կարգված: Եվ նրանց հրամայում էին` ուշադիր հետևել տոներին և ամսամուտներին, .....
Ամբարիշտ Դիոկղետիանոս թագավորի ժամանակ Քաղկեդոն քաղաքը եկավ Պրիսկոս անթիպատոսը, որ այնտեղ քրիստոնյաներից ում գտնի` չարաչար տանջանքով վերացնի: Իսկ այն քաղաքում հավաքված էր քրիստոնյաների շատ մեծ բազմություն: Պրիսկոս իշխանը ամբարիշտ քաղաքացիներից մի բարեկամ ուներ, որի անունը Ապելիանոս էր` ժանտաբարո և խիստ ապերասան, որ մշտապես դեգերում էր դիք անվանված սնոտի աստվածների մոտ, մանավանդ փարվում էր Արեսի արձանին և մասնագիտությամբ սոփեստ էր: .....
Բոլորի Տերն ու արարիչը, որ գիտե վերջն ու սկիզբը, փորձում է սրտերն ու երիկամները, գիտե առաջիկա լինելիքները, որ պատրաստ էր հառնել իր այն հավատացյալների դեմ, որ չեն ուզում ուղիղ վարվել կամ ուղիղ հավատով առաջնորդվել և անկողոպտելի գանձ թողնել բնական վիճակում, որը ուզեց հայտնել, երբ որ այդպիսի բանի հարց ծագի, նրանց մեջ, ի սկզբանե այնպիսի խորհուրդների փնտրող լինեն: Քանզի մարդասեր Աստծու սովորությունն է` բարերարություն անել բոլորին, հավատացյալներին .....
Եգիա քաղաքում Նումերիոսի թագավորության և Թեոդորոսի դատավորության ժամանակ, ինը կաղանդներից առաջ, Հոռի ամսի քսաներեքին դատավորը նստեց Եգիա քաղաքի Անդրիանոսի տաճարում և ասաց. «Կանչեցեք կրոնով ամբարշտին»: Զորականներն ասացին. «Ահա այստեղ է. խնդրում ենք քեզ»: Թեոդորոս դատավորն ասաց նրանց. «Ո՞րտեղ բռնեցիք դրան, որի մորուքի հասնելու և ծաղիկ երիտասարդության պայծառանալու սկիզբն է»: Դենեսիոս դահճապետն ասաց. «Մինչդեռ գնում էինք .....
Երբ Պողոսը հալածվելուց հետո ելավ, գնում էր Իկոնիոն քաղաքը, նրա հետ ճանապարհ ընկան Դեմասն ու Հերմոգենեսը` պղնձագործ և դարբին, որ լի էին խռովքով, մեծաբանում էին և Պողոսի հետ խոսում իբրև իրենց սիրելիի: Իսկ Պողոսը Քրիստոսի ողորմության շնորհ էր հայցում և կեղծությամբ չէր գնում նրանց հետ, այլ սիրում էր նրանց: Եվ այնպես էր սիրում, որ Ամենատիրոջ վարդապետությունը, քարոզությունը, ծնունդն ու հարությունը իբրև սիրելիների պատմում էր նրանց և նրանց հասու .....