
Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից:
Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:
Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:
Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:
Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:
Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:
Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:
Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:
Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:
Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:
Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:
Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:
Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:
Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.
1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,
2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,
3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,
4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),
5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:
Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:
Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:
Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:
Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:
Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:
Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:
Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:
«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:
«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:
Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:
Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:
Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:
Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:
Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:
1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:
Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:
Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Իսրայելում ապրող Աստծո հավատարիմ մարգարեներից Սուրբ Եղիան աստվածաշնչյան մարգարեների մեջ առանձնանում է իր անապատական ու հրաշքներով լի կյանքով, կրակոտ նախանձախնդրությամբ և անսովոր վախճանով: Նա այն երկու մարդկանցից մեկն է (մյուսը Ենոքն է), որոնց մասին Աստվածաշնչում գրված է, թե երկինք են «փոխադրվել» առանց մահանալու (Ծննդոց 5:18-24):
Նրա պատմությունը գրված է Աստվածաշնչում Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Եղիայի մասին Աստվածաշունչը .....
Հիսուս Քրիստոսի համբարձումից երեք օր հետո հանդիպող կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս օրը շատ նմանություններ ունի առաջին Ծաղկազարդին, քանի որ նույն պաշտամունքն են մատուցում և ընթերցում են առաջին Ծաղկազարդի Ավետարանները:
Տոնախմբությունը հաստատվել է Ներսես Շնորհալու եղբայր՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կողմից և տոնում է միայն Հայ եկեղեցին:
Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբության հիմքում ընկած է հետևյալ ավանդությունը: Ըստ որի՝ Գրիգոր .....
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ավանդույթներից է Սբ. Զատկի նախօրեին ձու ներկելը:
Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի ու կյանքի խորհրդանիշ: Բոլոր կրոնների մեջ ձուն կարևոր տեղ էր գրավում. մինչև իսկ հին հռոմեացիները և հույները ձու էին նվիրում իրենց աստվածներին՝ սրբվելու և մաքրվելու համար: Կրոնների մեջ ձուն համարվում էր նաև հարության խորհրդանիշ, քանի որ իր մեջ պարունակում էր կյանքի նոր սերմը:
Զատկական .....
Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով:
Հին Զատիկ
Զատիկը .....
Աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Սուրբ Աբգարը՝ որդին էր պարթև Արշակունի Արշամի: Նա թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմ՝ Ուրֆա), ուր հավասարաչափ թվով ապրում էին հայեր և ասորիներ: Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած այս երկրամասը Տիգրան Մեծը կցել է Հայաստանին և իր նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, կառուցել հենց այս վայրում:
Աբգար թագավորը ժամանակակիցն է եղել Հիսուս Քրիստոսի: Նրա թագավորության առաջին տարում .....
Նիկիայի Ա տիեզերական ժողովը գումարվել է 325թ-ին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրապետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ: Առաջին տիեզերական ժողովի հրավիրման շարժառիթն .....
Հովակիմն ու Աննան Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողներն են: Քանի որ նրանց մասին Նոր Կտակարանում գրված չէ, ուստի նրանց մասին տեղեկություններ գիտենք եկեղեցու սրբազան ավանդությունից, որը հիմնականում ներկայացված է «Հակոբոսի նախավետարան» կոչվող պարականոն գրվածքում: Հովակիմը Դավթի ցեղից բարեպաշտ և մեծահարուստ մարդ էր, իսկ Աննան՝ քահանայական տնից, համեստ ու երկյուղած կին: Այս երկու արդար հոգիները բարեպաշտ, արդար, աստվածավախ ամուսիններ էին, .....
Հուդայի մատնությունից հետո աշակերտները թողեցին Քրիստոսին ու փախան: Պետրոս առաքյալը Քրիստոսին հետևեց մինչև քահանայապետի տան գավիթը, ուր երեք անգամ ուրացավ Քրիստոսին: Իսկ հետո ողջ ժողովուրդը, Պիղատոսին բարձր աղաղակելով, պահանջում էր՝ սպանի՛ր նրան, խա՛չը հանիր նրան:
Ապա Գողգոթա բլրի վրա խաչի առջևից անցնողները, նայելով Քրիստոսին, նախատում էին ու ծաղրում Նրան: Խաչի մոտ էին միայն Աստվածամայրը, սիրելի առաքյալ Հովհաննեսը և կանայք, ովքեր առաքյալների .....
Եկեղեցական ժողովների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են տիեզերական ժողովները: Կոչվում են տիեզերական, քանի որ մասնակցել են տիեզերական կամ ընդհանրական եկեղեցու ներկայացուցիչները: Հայ եկեղեցին ընդունում է միայն Նիկիայի (325թ.), Կ. Պոլսի (381թ.) և Եփեսոսի (431թ.) տիեզերական ժողովները, և դավանում միայն նրանց որոշումներն ու վարդապետական բանաձևումները:
Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովի տոնակատարությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում .....
Խավար դարեր
Հայոց կաթողիկոսական աթոռը Սիսից Սուրբ Էջմիածին փոխադրվելուց հետո, Հայ եկեղեցում ակնկալված փայլուն շրջանը չսկսվեց:
Մի շարք աթոռամոլ եկեղեցականներ սկսեցին իրար ձեռքից խլել կաթողիկոսական աթոռը՝ անազնիվ միջոցների դիմելով: Մեր սրբությունները ոտնակոխ եղան տիրապետող այլազգի իշխանների աչքի առջև: Ժողովուրդն էլ բարի հովիվ չունենալով հեռացավ Աստծո օրենքներից:
16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին հայ ժողովրդի կրոնաբարոյական անկումը .....
«Ահա ես կուղարկեմ իմ պատգամավորին քո առջևից, որ քո առաջ ճանապարհը պատրաստի» (Մատթեոս 11:10):
Նա առաքվեց քարոզելու և ճանապարհ պատրաստելու Քրիստոսի գալստյան համար: «Եվ ինչպես երկրի թագավորի ժամանման առթիվ հարթեցնում են ճանապարհները, զարդարում քաղաքը, նույնպես էլ մենք պարտավոր ենք խոստովանությամբ և ապաշխարությամբ մեր միտքն ու զգայարանները մեղքերի մացառուտներից մաքրելուց, հոգին աղոթքներով ու պահքով զուգելուց հետո միայն ընդառաջ .....
Քրիստոնեության լույսը առաջին դարում, շնորհիվ առաջին Լուսավորիչների՝ Սբ. Թադեոսի և Սբ. Բարդուղիմեոսի, հետզհետե ծավալվում էր Հայաստանի բոլոր կողմերում: Նոր հավատքը աստիճանաբար արմատավորվում էր մարդկանց սրտերում:
Սբ. Թադեոս առաքյալի սերմանած սերմերը իրենց պտուղը տվեցին. դարձի եկան Ոսկյանք:
Ազգային ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի ազնվատոհմ անձեր և կայսերական պալատի արքունի պաշտոնյաներ էին: Թվով հինգ այս պատգամաբերները Հռոմի կայսեր .....
Երկրորդ դարում, Ադրիանոս կայսեր (118-138թթ.) օրոք, Հռոմում ապրում էր Սոփիա (Սոփիա հունարեն նշանակում է իմաստություն) անունով բարեպաշտ մի կին, ազնվական ընտանիքից: Նա քրիստոնյա էր և իր անվան համապատասխան էլ ապրում էր խոհեմաբար, այն խորիմաստությամբ, որ գովաբանում էր Հակոբոս առաքյալը՝ ասելով. «Մինչդեռ երկնային իմաստություն ունեցող մարդը նախ մաքուր է լինում, ապա նաև խաղաղարար, ազնիվ, բարյացակամ, ողորմածությամբ և բարի գործերով արդյունավոր, անկողմնակալ .....
Տասներկու մարգարեներն են՝ Օսէէ, Ամովս, Միքիա, Հովել, Աբդիու, Նավում, Ամբակում, Հովնան, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա:
Օսէէով սկսում է տասներկու «Փոքր կոչվող մարգարեների» շարքը: Օսէէ մարգարեն ապրել ու մարգարեացել է Ք.ա.8-րդ դարում: Նրա գրքից, որ բաղկացած է 14 գլուխներից, իմանում ենք որոշ տեղեկություններ իր մասին, քանի որ մարգարեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Այս մարգարեն Աստծո հրամանով պոռնիկ կին է առնում` ցույց տալու, որ Իսրայելն .....
Սբ. Աթանաս. ուղղափառության սյունը (296-373)
Սբ. Աթանաս Ալեքսանդրացին Քրիստոնեական եկեղեցու նշանավոր եպիսկոպոսներից և Հայ եկեղեցու տասներկու տիեզերական վարդապետներից մեկն է: Եգիպտացի քրիստոնյա բարեպաշտ ընտանիքի զավակ էր, ծնվել է Ալեքսանդրիայում 296թ-ին: Փոքր տարիքից քրիստոնեական դաստիարակություն է ստացել: Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդրը, մի օր տեսնելով փոքրիկ Աթանասին ծովեզրում կանգնած, որը եպիսկոպոսի նման մկրտություն և ձեռնադրություն .....