Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Քո կարողության չափով բարին գործիր և բարության լույսը կլուսավորի ու կջերմացնի քո միջավայրը»
Դեկտեմբերի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Աննային (42 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները: Աննան և իր երկու տղաները բնակվում են Էրեբունու շրջանի Դավիթաշեն 6-րդ փողոցի 68/69 հասցեում: Մեկ ու կես տարի առաջ մահացել է նրա ամուսինը, ծանր .....
Քրիստոնյայի նպատակակետը
Քրիստոնյան նպատակակետ ունի, հանուն որի նա ապրում է և գործում: Ս. Պողոս առաքյալն ասում է. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետ, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպպեցիներ 3:14): Հանուն այդ նպատակակետի քրիստոնյան փորձում է ապրել ներկայով՝ արժևորելով իր կյանքի յուրաքանչյուր մի պահը: Կարճ է երկրային կյանքը, և Քրիստոսի հետևորդը չի կարող ետ վերադարձնել կամ հետաձգել աստվածապարգև .....
«Հոգ տանելով ուրիշի երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփականը»
Այսօրվա ժամանակակից և լուսավորված դարում, թեև գիտությունը հասել է բարձրագույն նվաճումների և մարդկության մեծ մասն էլ կրթություն ունի, բայց այս ամենը չի նպաստել, որ պակասի մեր շուրջն առկա մարդկային ցավն ու տառապանքը: Այսինքն՝ ժամանակակից մարդու համար ցանկալի ո՛չ ուժը, ո՛չ իշխանությունը և ո՛չ էլ փողը ի վիճակի չեն մարդուն սեր և երջանկություն տալու: «Հնարավոր չէ երջանիկ լինել առանց Աստծո: Մի՛ մոռացեք, որ երջանկությունը ձեզանից կխուսափի .....
Չկա մեկը, որ երբևէ չի արժանացել այս երանությանը
Դեկտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ շարունակելով սոցիալական ծրագրերի իր շարքը, հերթական տնայցով եղավ Անդրանիկի 92/1 հասցեում բնակվող սոցիալապես անապահով Ինջյան ընտանիքում: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, համայնքն աջակցեց 14 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքին, որ բնակվում է երեք սենյականոց բնակարանում: 58-ամյա Մանյա .....
Աջակցություն զոհված ազատամարտիկի ընտանիքին
Դեկտեմբերի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Էրիկ Խաչատրյանին (28 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Էրիկը և իր մայրը՝ Խաչատրյան Սվետլանան (52 տ.), բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Տերտերյան 1/6 հասցեում: Էրիկի հայրը՝ Խաչատրյան Վահանը, զոհվել է 1991-1994 թթ. Արցախյան հերոսամարտի ժամանակ: Այժմ Խաչատրյան .....
Երբ ձեռք ենք մեկնում կարիքավորին
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է իր աջակցությունը բերել սոցիալապես անապահով Եղիազարյան ընտանիքին: Նշենք, որ ընտանիքն արդեն կես տարի է, ինչ փորձում է 4-ամյա Հայկ Եղիազարյանի կյանքի համար անհրաժեշտ վիրահատության գումարը հայթայթել: Փոքրիկ Հայկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն .....
Տասներկու զավակներով հարուստ ընտանիքին ուրախություն էր պատճառել համայնքի այցը
Մարդու սիրտը մի գանձարան է, ուր մարդն իր ազատ ընտրությամբ կարող է կուտակել բարին կամ չարը: Ավետարանում կարդում ենք. «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք» (Մատթեոս 12:35): Եկեղեցու հայրերից մեկն ասել է. «Շերամի որդն ինքն իրենից մետաքս է հյուսում, իսկ սարդը՝ սարդոստայն: Օձն իրենից ոչ թե մեղր, այլ թույն է դուրս նետում: Այսպես է նաև մարդու պարագայում. բարի մարդն իր բարի սրտից բարիք է արարում, .....
Լույսի առկայությամբ ի չիք է դառնում խավարը
«Դուք եք աշխարհի լույսը,- ասաց Քրիստոս Իր հետևորդներին,- թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14, 16): Յուրաքանչյուր բարի գործ ինքն իրենով լույս է, ինչպես փոքրիկ մոմն է իր լույսը տարածում շատ հեռու, այդպես և բարի գործն է լուսավորում իր շուրջը: Փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է. «Շատ ավելի հեշտ է փոքրիկ մոմ վառելը, քան խավարը անիծելը»: Աստվածային լույսը տարածելու .....
Սիրո կամուրջ, որ ձգվեց ԱՄՆ-ից դեպի Հայաստան
Մարդկության լավագույն գյուտերից է կամուրջը, այն միշտ միավորում է: Աստծո կողմից արարված աշխարհում աստվածնմանության ձգտող մարդիկ միավորվում են սիրո և բարեգործության կամուրջներով: Մեծ սիրով կամրջված սիրո կամուրջներն իրենց անցորդներին պարգևում են սեր, ուրախություն և խաղաղություն: Յուրաքանչյուր սիրո կամուրջ իր կառուցողների և անցորդների համար միջոց է հասնելու և անցնելու Քրիստոսով կամրջված այն միակ Կամրջով՝ Ս. Խաչով, որ դեպի Երկինք է առաջնորդում: Իսկ .....
Գթասրտությունը փոխում է մարդկային կյանքեր
Եկեղեցու հայրերն ուսուցանում են, որ ողորմության ամենամաքուր աղբյուրը գթասրտությունն է: Գթասրտության յուրաքանչյուր արտահայտություն փոխում է մարդկային կյանքը: Աստվածապարգև կյանքը սկսում է լիանալ ճշմարիտ եղբայրասիրությամբ, համերաշխությամբ և փոխադարձ աջակցությամբ: «Մենք զգում ենք, որ մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում, բայց եթե այդ կաթիլը չլինի, կարծում եմ, որ օվկիանոսը կզգա այդ կաթիլի պակասը»,- ասել է Մայր Թերեզան: Նոյեմբերի .....
Կատարենք մեր բարի պարտքը և ձեռք մեկնենք փոքրիկ Հայկին
Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էր այցելել սոցիալապես անապահով Եղիազարյան ընտանիքը: Դեռևս ամիսներ առաջ ընտանիքը, տեղեկանալով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրագործվող սոցիալական ծրագրերի մասին, օգնության խնդրանքով դիմել էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանին: Ի արձագանք խնդրանքի՝ Սրբազան հոր օրհնությամբ համայնքը փորձեց հոգևոր և նյութական իր աջակցությունը բերել դժվար կացության .....
Յուրաքանչյուր ոք կոչված է բարին արարելու
Հավատի ճանապարհին աստվածային սիրով շաղկապված սրտերի համար հոգու պահանջ է բարին արարելը, անկեղծ եղբայրասիրությամբ ապրելը: Հոգու այդ կոչին և պահանջին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նոյեմբերի 18-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց 1-ին խմբի զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանին (20 տ.): Անցյալ տարի՝ օգոստոսի 15-ին, Դավիթը զինծառայության ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում ստացել է ողնուղեղի սալջարդ, .....
«Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին»
Ողորմած Աստված թե՛ Հին և թե՛ Նոր կտակարաններում հորդորում է ողորմած լինել թե՛ խոսքով և թե՛ գործով: Ահա, թե ինչ է ասում Ս. Հովհան Ոսկեբերանը ողորմած լինելու մասին. «Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին, նա ստանում է ավելին, քան տալիս է»: Ս. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված նամակում հորդորում է հրաժարվել հին մեղսալից կյանքից՝ ընդունելով նոր և նորոգված կյանքը՝ ըստ Արարչի պատկերի: Եվ նոր մարդուն՝ որպես Աստծո .....
Դրամական օգնություն տրամադրվեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի
Նոյեմբերի 4-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրի շրջանակում, Ալեքսանյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանը: Կարիքավոր ընտանիքի անդամ 66-ամյա Ծաղիկ Ալեքսանյանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին: Տիկին Ծաղիկն իր տղայի և չորս թոռների հետ միասին ապրում է Արարատյան 1-ին զանգվածի .....
Երբ միասնական ուժերով կյանքի է կոչվում սիրո օրենքը
Քրիստոսի Մարմնի անդամները՝ աստվածային բազմազան շնորհներով օժտված, ջանում են իրենց կյանքում իրականություն դարձնել պարզ մի օրենք՝ սիրո օրենքը. «Վերցրեք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը» (Գաղատացիներ 6:2): Սբ. Պողոս առաքյալը սերն անվանել է Քրիստոսի օրենքը: Ինչպես շենքի կառուցման մեջ ոչ բոլոր քարերն են, որ նույն նշանակությունն ունեն, մեկն անկյունաքար է, մյուսը հիմքի համար է, նույն կերպ է նաև Քրիստոսի Մարմնում՝ եկեղեցում: .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․