
Սուրբ Գրքով Աստված խոսում է մեզ հետ, հայտնում մեզ Իր սուրբ կամքը, հրավիրում մեզ կատարելու Իր պատվիրանները, մեր փրկությունը որոնելու Իր հետ ճշմարիտ հաղորդակցությամբ: Մեր հաղորդակցությունը լիակատար չի լինի Աստծո հետ, եթե մենք հանապազ չխոսենք Նրա հետ, մեր սիրտը չբանանք Նրա առաջ, մեր աղաչանքը, օրհնությունը, գոհությունը, փառաբանությունը չհայտնենք Նրան, որն է աղոթքը՝ «խոսք ընդ Աստված»:
Աղոթք բառը Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը»:
Աղոթքները լինում են երկու տեսակ՝ առանձնական և ընդհանրական:
Առանձնական աղոթքը կարող է կատարվել ամենուր, ցանկացած պահի, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցե՛ք. ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16): Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Միշտ պետք է աղոթել», առանձին կամ անհատական աղոթքի համար է ասված, որի համար ժամանակ կամ տեղ գոյություն չունի:
Իսկ ընդհանրական աղոթքը հատուկ սահմանված վայրում է կատարվում, այսինքն՝ եկեղեցում, որը խորհրդանշում է աղոթողների միաբանությունը և միակամությունը: Սուրբ եկեղեցին ընդհանրական աղոթքի վայրն է՝ ըստ հետևյալ խոսքի. «Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի» (Եսայի 56:7): Հատուկ ժամի աղոթքը եկեղեցու ժամերգություններն են կամ «Հասարակաց» աղոթքը, որ և՛ առավոտյան, և՛ երեկոյան քահանաներն ու ժողովուրդը միասին աղոթում են, որովհետև այս աղոթքը պետք է միաբանությամբ լինի, դրա համար էլ հավաքվում են եկեղեցում:
«Հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը, … երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Երևանցի):
Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանական, բարեխոսական: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խնդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»: Եկեղեցու հայրերից Սբ. Հակոբ Մծբնեցին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքներ»-ն այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններ»-ն ու «գոհություններ»-ը նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում Նրան Իր բոլոր գործերի համար:
Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի սրբություն, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը երեք բանով է կատարվում՝ սրտով, լեզվով և ձեռքերով: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասում է Պողոս առաքյալը. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմոթեոս 2:8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահել ագահությունից, զրկանքներից, արյունից և այլն: Իսկ լեզվի սրբությունն՝ ինչպես Տերն աղոթեց. «Հա՛յր, ների՛ր դրանց, քանզի չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկաս 23:34), այսինքն՝ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով բարկությունից խոսքերի և գործերի մեջ: Եվ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Ի՛ր հանդեպ՝ որ մաքուր լինիմեղքերից. և այս դեպքում Աստված կլսի, քանզի մարգարեն ասում է. «Եթե մեղք տեսնեի իմ սրտում, մի՞թե Տերն ինձ կլսեր» (Սաղմոս 65:18): Եվ սրբությունն ընկերոջ հանդեպ՝ որ նենգություն և խեթ չունենա իր ընկերոջ նկատմամբ. այնժամ Աստված կլսի: Իսկ Աստծո հանդեպ՝ որ սրտի զգաստությամբ պետք է այսպես աղոթել իբրև թագավորի, տիրոջ, դատավորի և բարեկամի. այսպես աղոթելու դեպքում Աստված կատարում է ամեն ցանկություն: Որպես թագավորի աղոթում ենք, քանզի հավատում ենք, թե ամենակարող է, ինչ էլ խնդրում ենք Նրանից, կարողանում է տալ: Որպես Տիրոջ՝ «քանի որ ծառայի աչքն իր տիրոջ ձեռքին է» (Սաղմոս 122:2), պետք է սրտով աղոթել: Որպես դատավորի և գործեր քննողի՝ քանզի մենք դատվում ենք Նրա առջև և խնդրում, որ չդատապարտի: Եվ որպես բարեկամի ենք աղոթում, որպեսզի ամեն բան, ինչ խնդրում ենք, կամենա տալ մեզ, ինչպես բարեկամը, որ աղերսագին խնդրեց և ստացավ:
Աղոթքի հիմքը պետք է լինի հավատքը. մարդու ամբողջ էությունը պետք է միանա Աստծո կամքին, որ նրա սրտից ճշմարիտ աղոթք բխի: Աղոթքը լինի փառաբանություն թե՛ խնդրվածք, բարեխոսություն թե՛ գոհաբանություն, միշտ պետք է Աստծո կամքի հետ միացած սրտից բխի, և այն ժամանակ այդ աղոթքը հրաշքներ կգործի, ինչպես ասում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:22-24):
Աղոթողի կատարելատիպը Քրիստոսն է, որ աղոթում էր ամեն գործի սկզբում և վերջում (Ղուկաս 5:15; 6:12), Իր մկրտության ժամանակ աղոթեց և Նրա վրա իջավ Սուրբ Հոգին (Ղուկաս 3:21), աղոթեց և պայծառակերպվեց (Ղուկաս 9:28), ընդ որում, աղոթքը պայծառացնում է ոչ միայն մարդու արտաքինը, այլև ներքինը (Ելք 34:29): Քրիստոս պատվիրեց Իր աշակերտներին արթուն մնալ և աղոթել, որ չընկնեն փորձության մեջ, նրանք ննջեցին ու չաղոթեցին, ուստի և փորձության մեջ ընկան: Նա աղոթեց և խաչի վրա՝ մինչև անգամ Իրեն խաչողների համար: Նրա ճշմարիտ աղոթքից մարդկության համար մեծ օրինակ է «Տերունական աղոթք»-ը՝ «Հայր մեր»-ը: Այս աղոթքը խտացած պարունակում է քրիստոնեության հիմնական սկզբունքները: Այն արտահայտում է ակնածանք, խոնարհություն, հույս, հավատ, սեր, միություն, զղջում: Պատահական չէ, որ «Տերունական աղոթք»-ը հնում անվանվել է «համառոտ Ավետարան»:
Աղոթելիս շրջվում ենք դեմքով դեպի արևելք, որը մեր մեջ արթնացնում է խորը հոգևոր խորհրդածություններ. լույսը տարածվում է արևելքից, արեգակի ծագելը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա լույսը, Եդեմի պարտեզը Աստված տնկեց արևելքում, որտեղ բնակվեցին առաջին մարդիկ, Հիսուս Քրիստոս ծնվեց արևելքում, փրկությունը իրագործվել է արևելքում, Տերն արևելքում խաչվեց և Նրա արյունը հեղվեց, որպեսզի աշխարհի մեղքերին թողություն շնորհվի, արևելքում է սկզբնավորվել քրիստոնեությունը և եկեղեցին, Տիրոջ երկրորդ գալուստը նույնպես արևելքից է լինելու:
«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում» (Խոսրով Անձևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Հա՛յր, տերողորմյայի նշանակությունը ո՞րն է:
- Տերողորմյան ժառանգություն է, օրհնություն, որ մեզ են ավանդել սուրբ հայրերը: Հենց միայն դրա համար դրանք մեծ նշանակություն ունեն: Պատահում է, որ պապը թոռանն ինչ-որ չնչին բան է ժառանգություն թողնում, սակայն դա նրա համար թալիսմանի պես մի բան է: Էլ ի՞նչ ասես տերողորմյայի մասին, որ մեր սուրբ հայերից ենք ժառանգել:
Առաջ, երբ դեռ ժամացույց չկար, վանականներն աղոթքի ժամը տերողորմյայով էին հաշվում, բայց .....
- Հա՛յր, ինչպե՞ս մխիթարվեմ, երբ թախիծ է պատում ինձ:
- Փրկությունն աղոթքի մեջ փնտրիր: Նույնիսկ, եթե ուղղակի գլուխդ դիպցնես սրբապատկերին, թեթևություն կզգաս: Թող խուցդ փոքրիկ եկեղեցու նմանվի, որում քո սիրած սրբապատկերներն են, և կտեսնես, որ այնտեղ միշտ մխիթարություն կգտնես:
- Հա՛յր, աղոթելիս երբեմն սրբապատկերները համբուրում եմ: Դա ճի՞շտ է:
- Ճիշտ է: Իրականում հենց այդպես է պետք սրբապատկերներն ակնածանքով համբուրել: Որպեսզի սիրտդ Քրիստոսի, .....
- Հա՛յր, երբ պատրաստվում եմ խցումս հսկում կատարել և ինչ-որ խոչընդոտ է առաջանում, պատճառը ո՞րն է:
- Եթե Աստված թույլ է տալիս, որ խոչընդոտ առաջանա, ուրեմն մի լավ բան դուրս կգա դրանից:
- Իսկ եթե դա մշտապես է տեղի ունենո՞ւմ:
- Նշանակում է՝ հպարտություն կա:
- Հա՛յր, չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հպարտություն կա:
- Կախված է նրանից, թե ինչին ես առաջնահերթություն տալիս: Եթե առաջին տեղում գործերն ես դնում, իսկ հետո աղոթքը, նշանակում է, որ փորձությանն .....
- Հա՛յր, թեպետ Աստծու հետ հաղորդակցվելու կարիք եմ զգում, սակայն չեմ կարողանում աղոթել:
- Եթե Աստծու հետ հաղորդակցվելու կարիք ես զգում, ապա չեմ հասկանում, թե ինչու չես կարողանում աղոթել: Հավանաբար փորձություն է: Այն միշտ փորձում է մարդուն խանգարել աղոթել:
- Աղոթքի ժամանակ զանազան գործերի մասին մտքեր են հայտնվում, Հա՛յր:
- Ասա՛. «Դրա մասին հետո կմտածեմ…»,- և շարունակիր աղոթել:
- Հա՛յր, ցավալին այն է, որ այդ բոլոր մտքերն անլուրջ բաների .....
- Հա՛յր, աղոթելիս ինչո՞ւ է հաճախ քունս տանում:
- Սառն ես ապրում: Թուլացել ես և այժմ պետք է հավաքվես: Մի՞թե կարող ես հանգիստ քնել, երբ հուզված ես և անհանգստանում ես որևէ բանի մասին: Ի նշան երախտագիտության մարդը կարող է գիշերը չքնել և աղոթել իր բարերարի համար: Իսկ այնուհետև նա պետք է մտածի. «Ինձ բարիք գործած մարդու համար գիշերը չքնեցի, իսկ մի՞թե Աստծու համար, Ով հանուն ինձ խաչվեց, արթուն չեմ մնա»:
- Հա՛յր, իսկ քնկոտությունը կարո՞ղ է ֆիզիկական .....
- Հա՛յր, երբ իմ խցում աղոթում եմ, անհանգստանում եմ, որ հանկարծ քույրերից մեկը դուռը չբացի, և դա ինձ շեղում է:
- Եթե ես աղոթում եմ, և որևէ մեկը դուռը բացում է, ապա ավելի լավ է կացնով գլխիս խփի, քան ինձ տեսնի աղոթելիս: Ասես թռիչքի ժամանակ թևերդ կոտրեն: Դուք դեռևս հոգևոր վիճակներ չեք վերապրել աղոթքի ժամանակ, որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում մարդուն անհանգստացնել, երբ նա աղոթում է: Չեք զգացել Աստծու հետ այդ հաղորդակցությունը, երբ մարդն ասես վերանում .....
- Հա՛յր, Դուք այնքա՜ն եք հոգնում, ինչպե՞ս եք կարողանում աղոթել:
- Ինձ համար աղոթքը հանգիստ է: Գիտեմ, որ մարդն իսկապես հանգստանում է միայն աղոթքի մեջ: Երբ աղոթքը սրտից է բխում՝ ցրում է և՛ հոգնածությունը, և՛ քունը, և՛ քաղցը, որովհետև հոգին այնպես է ջերմանում, որ արդեն ոչ քնել ես ուզում, ոչ՝ ուտել: Գերբնական վիճակում ես գտնվում և այլ կերպ սնվում. հոգևորն է քեզ կերակրում:
- Հա՛յր, աղոթքի հանդեպ սեր չեմ զգում:
- Սիրտդ դեռևս չի ջերմացել, աղոթքը հոգուցդ .....
- Երբ հոգևորով զբաղվելու տրամադրություն չունեմ, ի՞նչ անեմ, Հա՛յր, ինչպե՞ս սկսեմ:
- Հոգևորից արա այն, ինչը քեզ դուր է գալիս, իսկ հետո մնացածի համար էլ ախորժակդ կբացվի: Հոգևոր կերակրատեսակները դիր առջևդ ու նայիր, թե ինչն է ախորժակդ գրգռում: Ուզում ես մի քիչ կարդա՞լ: Մի տերողորմյայով աղոթե՞լ: Կանո՞նը, սաղմոսարա՞նը կարդալ կամ երկրպագությո՞ւն անել: Իսկ եթե ոչնչի ցանկություն չկա, այնժամ… ճիպոտ է պետք:
- Հա՛յր, իսկ կարելի՞ է ձեռագործից սկսել:
- .....
- Հա՛յր, անփութությունն ինձ որտեղի՞ց:
- Անփութությո՞ւնը: Նրանից, որ մեջդ… մեղր* չկա: Երևում է՝ չգիտես, թե հոգևոր քաղցրությունն ինչ է:
- Իսկ անփութության շրջանից հետո անհրաժեշտ է աստիճանաբա՞ր հունի մեջ մտնել: Առաջին օրը մեկ անգամ տերողորմյայով աղոթել, երկրորդ օրը՝ երկու և այդպես շարունա՞կ:
- Անհրաժեշտ է սկսելու ցանկություն ունենալ, քեզ հարկադրել՝ սկիզբը դնելու: Նույնիսկ երբ մարդը հոգնել է, եթե իրեն մի փոքր հարկադրում է, ապա հոգնածությունն .....
- Հա՛յր, այդքան մարդկանց հետ շփվելուց հետո, երեկոյան շատ հոգնած եք երևում, իսկ առավոտյան Ձեր դեմքին հոգնածության հետք անգամ չի լինում: Այդ ինչպե՞ս եք անում:
- Հը՜մ, պարանը չեմ կտրում*:
- Երբեմն, երբ հնազանդությունը կատարելու պատճառով երեկոյան ժամերգությանը չեմ մասնակցում և սարսափելի հոգնածություն եմ զգում, ասում եմ. «Պառկեմ և պառկած աղոթեմ»,- բայց, վերջ ի վերջո, քունս տանում է և կարգը չեմ կարողանում կատարել:
- Ո՛չ, թանկագի՛նս, նույնիսկ, .....
- Հա՛յր, ի՞նչ տարբերություն կա անփութության ու ծուլության միջև:
- Անփութությունը հոգևոր ծուլությունն է, իսկ ուղղակի ծուլությունը և՛ հոգուն է վերաբերում, և՛ մարմնին: Բայց ավելի լավ է, որ ո՛չ մեկը լինի, ո՛չ՝ մյուսը: Երբեմն անփութությունն ու ծուլությունն այնպիսի հոգիներ են ախտահարում, որոնք հոգևոր կյանքի նախադրյալներ ունեն, զգայուն ու պատվախնդիր հոգիներ են:
Գայթակղությունն անտարբեր մարդու մեջ այդքան չարիք չի գործում: Բայց եթե զգայուն մարդը .....
- Հա՛յր, սուրբ Հովհաննես Սանդուղքն ասում է, որ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»:
- Այդպես էլ կա: Երբ մարդը ճիշտ է աղոթում, այնժամ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: Հոգևորապես առողջ մարդըը, եթե աղոթքը սկսելիս զգա, որ սիրտը քարացել է, կսկսի դրա պատճառը փնտրել, որպեսզի վերացնի: «Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում,- կհարցնի իրեն:- Միգուցե դատե՞լ եմ ինչ-որ մեկին կամ ընդունել՝ դատելու միտքը և չեմ էլ նկատել: Միգուցե հպարտության մի՞տք է եկել կամ ինչ-որ .....
- Հա՛յր, աղոթքին ինչպե՞ս պետք է պատրաստվել:
- Այնպես, ինչպես Սուրբ Հաղորդությանն ենք պատրաստվում: Այնտեղ աստվածային հաղորդակցում է, այստեղ՝ աստվածային շփում: Երբ Հաղորդություն ենք ստանում՝ Քրիստոսին ենք ընդունում մեր մեջ, գալիս է աստվածային շնորհը: Աղոթքի մեջ մշտապես շփվում ենք Քրիստոսի հետ և այլ կերպ ենք շնորհն ընդունում: Մի՞թե դա քիչ է: Հաղորդության ժամանակ հաղորդակից ենք լինում Քրիստոսի Մարմնին ու Արյանը, աղոթքի ժամանակ շփվում ենք .....
- Հա՛յր, երբեմն, երբ ինչ-որ բան եմ խնդրում Աստծուց ու չեմ ստանում, հարց եմ տալիս ինձ. «Արդյո՞ք Աստված լսում է իմ աղոթքը»:
- «Արդյոք»-ը նշանակում է, որ կասկածում ես Աստծու սիրուն և այդպիսով ինքդ էլ չեղարկում ես խնդրանքդ այն ներկայացնելու պահին, ինչն էլ նշանակում է, որ կորցնում ես արտահերթ սպասարկման իրավունքը:
- Հա՛յր, երբ որևէ բան եմ խնդրում Աստծուց և միանգամից չեմ ստանում, արդյո՞ք պետք է համառորեն պնդեմ:
- Այո՛, պետք է: Տե՛ս, երբ .....
- Հա՛յր, միտքը ինձ հուշում է, որ իմ մի տգեղ արարքից հետո աղոթքս հաճո չէ Աստծուն:
- Եթե այդ միտքն առաջ է գալիս իրական խոնարհությունից և ասում ես. «Ես բարկացնում եմ Աստծուն իմ տգեղ վարմունքով», ապա աստվածային մխիթարություն ես զգում: Իսկ եթե եսասիրության պատճառով ես տրտմում ու ասում. «Ինչպե՞ս կարող էի դրան հասնել»,- ապա մխիթարություն չես ստանում, որովհետև «Տերը հակառակ է ամբարտավաններին»(1): Աստված հպարտի աղոթքը չի լսում, որովհետև .....