
Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից:
Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:
Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:
Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:
Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:
Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:
Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:
Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:
Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:
Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:
Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:
Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:
Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:
Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.
1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,
2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,
3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,
4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),
5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:
Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:
Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:
Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:
Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:
Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:
Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:
Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:
«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:
«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:
Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:
Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:
Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:
Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:
Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:
1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:
Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:
Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Անթիմոս, Ղևոնդիոս, Եվպրեպիոս, Կոզմա և Դամիանոս. հինգ եղբայրներ էին Արաբիայից, որոնք ապրել են 3-րդ դարի վերջում: Նրանց խնամել և դաստիարակել է առաքինի և քրիստոնյա մայրը՝ Թեոդոտիան (Աստվածապարգև): Ամուսնու մահից հետո նա ջանադրորեն ծառայել է Աստծուն՝ ապրելով աստվածահաճո կյանքով: Թեոդոտիան այնպիսին էր, ինչպիսին այն այրին, ում գովաբանում է Ս. Պողոս առաքյալը. «Իսկական այրին նա է, ով ոչ ոք չունի, իր հույսը դրել է միայն Աստծո վրա և գիշեր-ցերեկ իր .....
Աստվածաշնչյան մեծագույն անձերից Հոբն ապրել է Ք. ա. 2000, 1500 տարիներ առաջ Միջին Արևելյան Հուս երկրում: Նա աստվածավախ, առաքինի, արդար և բարեսիրտ մարդ էր։ Ուներ 7 տղա և 3 դուստր: Նա, ըստ իր զավակների թվի, Աստծուն հաճախակի զոհ էր մատուցում՝ ասելով. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծո մասին»: Հոբը բավականին հարուստ էր, ուներ ծառաներ, բազմաթիվ հոտեր: Նրա տան դռները բաց էին յուրաքանչյուրի համար: Հոբը կերակրում էր որբերին և մխիթարում .....
Եզեկիելը Երուսաղեմի տաճարի ղևտացի քահանաներից էր և Աստվածաշնչյան գիրք ունեցող չորս գլխավոր մարգարեներից մեկը: Նա ժամանակակիցն է Երեմիա մարգարեի: Ապրել է Ք. ա. 6-րդ դարում: Երբ 597թ-ին (Ք. ա.) Երուսաղեմի արքա Հովաքինը հազարավոր հրեաների հետ գերեվարվում է Բաբելոն, այդ գերիների թվում է լինում նաև Եզեկիելը: Իր մարգարեական կոչումը ստանում է 30 տարեկան հասակում՝ Բաբելոնում: Եզեկիելը մարգարեանում է և նախազգուշացումներ անում ինչպես Բաբելոն գերի տարված .....
Սբ. Աստվածամոր երկու զգեստներից բացի, որ նրա կտակի համաձայն տրվեցին իր հետ ապրող երկու կանանց, գոյություն ուներ նաև մի գոտի:
Ըստ ավանդության՝ այդ գոտին նրա կողմից տրվել էր Թովմաս առաքյալին և այդպես փոխանցվել հավատացյալից հավատացյալ: Վերջիններս այդ սրբությունները մեծ երկյուղածությամբ էին պահպանում և այդպիսով սերնդեսերունդ փոխանցում, որոնցով բազում հրաշքներ էին գործվում:
Հետագայում՝ 5-րդ դարում, Արկադեոս կայսեր օրոք (395-408) Երուսաղեմում .....
Թովմաս առաքյալը Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է: Նա Քրիստոսի հարությունից հետո թերահավատություն է ցուցաբերում Տիրոջ հարության նկատմամբ՝ ասելով. «Մինչև իմ աչքերով չտեսնեմ Նրան և ձեռքս չմտցնեմ Նրա խոցված կողի մեջ, չեմ հավատա»: Երբ առաքյալները հավաքված էին վերնատանը, Հիսուսը, հայտնվելով առաքյալների առաջ, դիմում է Թովմասին և ասում. «Մատներդ բեր, դիր այստեղ և տես ձեռքերս, ձեռքդ բեր ու մխիր կողիս մեջ, և մի եղիր անհավատ, այլ հավատացյալ»: .....
Սուրբ Երեմիա մարգարեն՝ հինկտակարանյան չորս մեծ մարգարեներից մեկը, որդին է Քեղկիա քահանայի: Ծնվել է Ք. ա. 650-ական թթ-ին, ապրել է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրան է պատկանում երկու գիրք՝ նրա մարգարեության գիրքը և հինգ գլխից բաղկացած ողբը: Երեմիան մարգարեական ծառայությունն սկսում է երիտասարդ տարիքում և ամբողջ կյանքում թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես շատ տառապանքներ է կրում: Տերը նրան մարգարեության է կոչում՝ասելով. «Ես քեզ .....
Թադեոսը, որ Ավետարանում հիշվում է մի քանի անունով՝ Հուդա Հակոբոսի որդի, Ղեբեոս, մեկն է Քրիստոսի տասներկու առաքյալներից: Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի հետ նա համարվում է Հայոց երկրի առաջին լուսավորիչը, որ տարածեց քրիստոնեության լույսը Հայաստանում: Երբեմն նրան նույնացնում են Հուդա Տեառնեղբոր հետ, ով գրել է Նոր Կտակարանի ընդհանրական թղթերից մեկը: Ըստ մեր ազգային ավանդության՝ Թադեոս առաքյալը նախ գնում է Եդեսիա, ուր ըստ Քրիստոսի խոստումի, բժշկում .....
Հոգեգալուստից հիսուն օր հետո, Վարդավառի կիրակիի նախորդ օրը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ուխտի Տապանակի տոնը: Տապանակը նախատիպ է համարվում Նոր Ուխտի տապանակի՝ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: Հին Ուխտում այն հրեաների կողմից ամենահարգված ու սիրված հատուկ սրբություն էր՝ մի նվիրական արկղ, որի մեջ պահվում էր Տասը Պատվիրանների քարե տախտակները, Ահարոնի ծաղկյա գավազանը և մանանայով լի ոսկե սափորը: Տապանակը դրվում էր Սրբություն Սրբոցում, ուր .....
Զաքարիա մարգարեն (Զաքարիա նշանակում է «Տերը հիշում է») Բարաքեի որդին էր, ով ծնվեց Իսրայելում Դարեհ թագավորի իշխանության 2-րդ տարվա 8-րդ ամսին (Զաքարիա 1:1):
Մարգարեները հին Իսրայելի հովիվներն են, որոնց Տերը նախապես ընտրելով՝ առաքեց աշխարհ՝ ավետարանելու Աստծո Որդու գալուստը, և նրանք Տիրոջ գալստյան խորհուրդը հայտնեցին բազում տեսիլքներով ու օրինակներով: Նրանք «հեռվից» տեսան Քրիստոսին:
Զաքարիան 12 փոքր մարգարեներից մեկն է, Նեեմի .....
Քաջազոր ու բարեհաղթ Սուրբ Տրդատ Գ հայոց մեծ արքային է պատկանում Հայոց երկրի առաջին քրիստոնյա թագավորը լինելու և իր երկիրը պետականորեն քրիստոնյա հռչակելու պատիվը: Ծնվել է 250-ական թթ-ին, որդին է Խոսրով Ա Արշակունի հայոց արքայի: Տրդատն ու նրա քույր Խոսրովիդուխտը մանուկ էին, երբ նրանց հայրը սպանվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի հոր՝ Անակի կողմից: Արտավազդ Մանդակունի հայոց նախարարը, մտահոգվելով արքայորդու կյանքի համար, մանուկ Տրդատին փախցնում է .....
Քրիստոնեության պարծանք և հավատքի սյուն՝ առաջին հավատացյալ ինքնակալը, աստվածասեր և բարեպաշտ հռոմեացիների կայսրը՝ Կոստանդիանոս Մեծը ծնվել է 275թ-ին, այժմյան Հարավսլավիայի Նիշ քաղաքում: Որդին է Հեղինե անունով կնոջ և Կոստանդիոս հայտնի զորավարի, ով հետո դարձավ կեսար և իշխում էր Գալիլիայում և Անգլիայում:
Կոստանդիանոսը պաշտոնապես ազատում է եկեղեցին ավելի քան 250 տարիներ տևող հալածանքներից: Եվ ոչ միայն ազատում է եկեղեցին հալածանքից, այլ նաև .....
Հայ եկեղեցու հայրապետների մեջ սքանչելի, մարգարեական հոգով լցված և առաքելական վաստակով պայծառացած Ներսես Մեծը թոռն է Սբ. Հուսիկ կաթողիկոսի և ծոռը Սբ. Գրիգոր Լուսավորչի: Նա Լուսավորչի սերունդից միակ հայրապետն է, որ ծնվել է Հայաստանում, 329 թ-ին: Երիտասարդ տարիքում ամուսնանում է Մամիկոնյան տնից Սանդուխտ օրիորդի հետ և ունենում մեկ արու զավակ՝ հետագայի Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսին: Սանդուխտն իր զավակի ծնունդից հետո, երկար չի ապրում, վախճանվում .....
Սբ. Նունե և Սբ. Մանե կույսերը Սբ. Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որոնք 70 հոգով Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Հռոմից կույսերն անցնում են Եգիպտոս, այստեղից էլ՝ Երուսաղեմ: Երուսաղեմում նրանց տեսիլքով երևում է Տիրամայրը և պատվիրում գնալ Հայաստան: Ճանապարհին նրանցից ոմանք բաժանվում են խմբից, ոմանք մնում Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ու քարայրներում, ոմանք էլ՝ Վարագա վանքի մոտ և միայն նրանցից 37-ն .....
Աթանագինեն քրիստոնյա ծնողների զավակ էր, ապրում էր Սեբաստիայում՝ Դիոկղետիանոս կայսեր օրոք: Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Պատմվում է, որ սարսափ սփռող մի վիշապի իր աղոթքով հաղթելով, Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից իբրև վարձատրություն ստանում է եպիսկոպոսական ձեռնադրություն և ծառայության անցնում Պիտակտո քաղաքում: Աթանագինե եպիսկոպոսը բարբարոսների ձեռքը ընկած գերիների ազատմանն է նվիրվում: Գործած հրաշքներով և կատարած քարոզություներով .....
Հռոմ: 4-րդ դարի սկիզբ:
Հռովմեացի բռնավոր և ամբարիշտ կայսրերի օրոք բույն էր դրել բարոյական ապականությունը: Պողոս առաքյալի ցանած բարի սերմերը չէին կարողացել անմիջապես արմատախիլ անել չարության որոմները: Բայց նահատակի արյունը զուր տեղը չէր թափվել: Քրիստոնեությունը իր կենսունակ արմատները տարածել էր հռոմեական ոստանի մեջ: Ավետարանի լույսը թափանցել էր նրա մութ անկյուններից ներս: Մանանեխի հատիկի պես նոր հավատքը աճում էր:
Չի կարելի սեղմել .....