Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:
Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:
Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:
Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:
Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:
Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:
Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)
Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:
Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:
Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:
Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:
Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:
Օգտագործված գրականության ցանկ՝
- Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
- Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
- Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
- «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.: