
Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:
Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:
Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:
Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:
Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:
Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:
Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)
Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:
Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:
Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:
Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:
Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:
Օգտագործված գրականության ցանկ՝
- Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
- Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
- Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
- «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մեզ հասած ձեռագիր Ավետարաններում պատկերված խորաններն ունեն պատկերագրական ուրույն հորինվածք, որոնք իրենց կառուցվածքի ընդհանուր ուրվագծով հետևում են վաղ քրիստոնեական արվեստի ավանդույթներին: Ինչպես ընդունված է, խորաններն, ըստ իրենց խորհրդաբանական կազմի ու հաջորդականության, ունեն կանոնիկ պատկերներ, որոնք նշանակային գործառույթից զատ կատարում են նաև հորինվածքը կազմավորող և դրանք միմյանց կապող դեր, որոնք են ձկնքաղները, արմավենիները, ձիթենիները, .....
Քրիստոնեական պատկերագրության մեջ հանդիպում ենք խորհրդանշական բովանդակություն ունեցող ինչպես իրական, այնպես էլ երևակայական, առասպելական բազմապիսի կենդանիների և թռչունների (սիրամարգ, աքաղաղ, արծիվ, եղնիկ, առյուծ, հուշկապարիկ և այլն): Առաջինների թվին են պատկանում հաճախակի հանդիպող առյուծները, օձերը, որոնք երբեմն պատկերված են հերալդիկ դիրքերով: Կարելի է ճանաչել նաև որոշ թռչուններ՝ սիրամարգեր, աքաղաղներ, թութակներ, արագիլներ, կաքավներ, .....
Չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է նկարագրում Հովհաննես Մկրտչի մայր Եղիսաբեթին կատարած Մարիամի այցելությունը: Երբ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին նրա հղության ավետիսն է տալիս, ասում է նաև. «Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած, որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է: Իմացիր, որ Աստծո համար անկարելի բան չկա» (Ղուկաս 1:36-37):
Շարունակության մեջ Ղուկաս ավետարանիչը գրում է. «Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով .....
Հայ մանրանկարչության և որմնանկարչության մեջ կերպարները հանդես են եկել իրենց գունային դրսևորմամբ, ունեցել իրենց գունային խորհրդանիշները: Յուրաքանչյուր գույն իր խորհրդանշական իմաստն ունի: Ըստ գույների է պատկերագրվել խորհուրդը: Մանրանկարի մեջ գույնը նույն դերն է խաղում, ինչ բառը կամ նախադասությունը՝ գրականության մեջ: Միջնադարում գրված «խորանների մեկնության» գույների տեսության համաձայն՝ գործածական են եղել յոթ գույներ՝ սպիտակ, .....
Չարչարանաց տիպի գաղափարական բովանդակության հետ կապվում է «Աստվածածնի յոթ վերքի» պատկերագրությունը, որը ձևավորվել է կաթոլիկ արվեստի միջավայրում 13-14-րդ դարերում: Ըստ «Պատկերագրության ընդհանուր հանրագիտարանի» հեղինակների՝ Արևմուտքում տարածված պատկերագրական տարբերակներից մեկում Քրիստոսի մարմինը գոգին սգացող Աստվածածինը պատկերվում է խաչի տակ կանգնած կամ նստած: Իսկ ավելի ուշ շրջանում տարածվել են գոտկատեղից ներքևի հատվածով .....
Աստվածածնի պատկերագրական տարբերակներից են «Բարեխոս Աստվածածինը» պատկերագրական տիպը: Քրիստոնեական արվեստում այն ձևավորվել է 9-10-րդ դարերում: Պատկերագրական այս կերպը ծագել է «Բարեխոսություն» (Դեիսուս) տեսարանից, որում գահակալ Քրիստոսի երկու կողմերում պատկերվում են աղոթելու դիրքով կանգնած Աստվածածինը և Ս. Հովհաննես Մկրտիչը: Բարեխոս Աստվածածնի պատկերագրությունը Բյուզանդիայում հայտնի է «Ագիոսորիտիսա» անունով (բառը ծագել .....
«Աստվածածինը քնած Մանկան հետ» պատկերները քրիստոնեական արվեստում հայտնի են նաև «Չննջող ակն» անվանումով, քանի որ քնած Մանկան կերպարում մարմնավորվում է մշտարթուն և ամենատես Աստված: Պատկերագրությունը հիմնվում է Աստվածաշնչի, ինչպես նաև Աստվածամոր փառաբանական երգերի վրա: Դավթի սաղմոսներում կարդում ենք. «Թող քո ոտքը չսասանվի, և քո Պահապանը թող չննջի, ինչպես չի ննջում և քուն չի մտնում Պահապանն Իսրայելի» (Սաղմոս 120:3-4):
«Աստվածածինը .....
Պատկերագրական այս տիպը լայն տարածում է գտել 15-16-րդ դարերի կեսերին հունական և իտալական կերպարվեստում: Այն սերում է 11-12-րդ դարերում սկզբնավորված «Խանդաղատանքի» պատկերագրությունից և ունի գաղափարական նույն բովանդությունը: Չարչարանաց Աստվածածնի կերպարի միջոցով արտահայտվում է Քրիստոսի չարչարանքների ու խաչելության և Աստծո կամքին հնազանդության գաղափարը:
Հայ միջնադարյան արվեստում Չարչարանաց Աստվածածնի տիպը ներկայացնող մեզ հայտնի .....
Աստվածամոր հնագույն պատկերները ներկայանում են «Օրանտա» պատկերագրական տիպով:
«Օրանտա» (աղոթող) Աստվածածնի պատկերագրական կերպավորման ծագումը կապվում է քրիստոնեական արվեստի ձևավորման շրջանի հետ: Ն. Կոնդակովը մանրազնին ուսումնասիրելով «Օրանտա» Աստվածածնի պատկերները, նշում է, որ Օրանտայի առաջին օրինակները հայտնաբերվել են 3-րդ դարի հռոմեական կատակոմբների առաստաղանկարներում: «Օրանտա» Աստվածածնի (լատ.Orans-աղոթող) .....
«Ստնտուի» պատկերագրական տարբերակները մեզանում համեմատաբար քիչ է հանդիպում: Գ. Հովսեփյանը նկատում է, որ Տարոնացին է ներկայացրել «Ստնտուի» պատկերագրական տարբերակներից մեկը: Գլաձորի 1323թ. Ավետարանում (Մ.Մ. 6289), Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթում՝ զարդարուն կիսախորանի կենտրոնական մասում, բազմել է թագադիր Աստվածամայրը, և կերակրում է Հիսուս մանկանը: Մատենադարանի մեկ այլ ձեռագրում (221) Մատթեոսի անվանաթերթի զարդարուն կիսախորանի կենտրոնում .....
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո «Օրանտին» հիմնականում փոխարինեց «Աստվածամայրը Մանկան հետ» (Օդիգիտրիա) պատկերը: Աստվածամայր «Օդիգիտրիայի» հայտնի կերպարը առաջիններից մեկը հանդիպում է մեր IV-VI դդ. կոթողներում: Ըստ էության՝ դա առանձնացվել է «Մոգերի երկրպագության» տեսարանից և ստացել ինքնուրույն սրբապատկերի կարգավիճակ: Հիսուսի, նաև Տիրամայրը Մանկան հետ կերպարը՝ սկսած 7-րդ դարից, կենտրոնական տեղ է գրավել .....
Այս պատկերը խորհրդանշում և արտահայտում է Սուրբ Կույսի անարատ հղությունը (Ղուկաս 1:26-38): Կանանց հղությունը կապված է լուսնային ամիսների հետ, սակայն Աստվածածնի հղությունը բնական չէր, ինչպես սովորաբար բոլոր կանանց մոտ: Սուրբ Կույսի հղությունը գերբնական էր և վեր էր այդ օրինաչափությունից, հետևաբար Աստվածածինը հաղթահարել էր լուսնային ամիսների հետ կապված օրինաչափությունը: Ահա այս գաղափարը արտահայտված է Աստվածածնի ոտքերի տակ պատկերված լուսնի .....