Դեռևս Հին Կտակարանում ծիսական արարողությունների ժամանակ, Աստծո պատգամի համաձայն, գործածվել են ծիսական սպասքներ և անոթներ: Վաղ քրիստոնեության շրջանից սկսած աստիճանաբար ձևավորվել է եկեղեցու աստվածապաշտությունը, որ իր համապատասխան ձևերով ու շարժումներով, հագուստներով և առարկաներով կոչվել է ծես կամ ծիսակատարություն: Ծիսական սպասքը, զգեստները, արարողության եղանակները բխել է աստվածապաշտության էությունից նրա ներքին թելադրանքով:
Սբ. Պատարագին, ժամերգությանը կամ եկեղեցական այլ արարողություններին մասնակիցների համար տեսանելի և ճանաչելի են դառնում որոշ սպասքներ, ինչպիսիք են՝ խաչը, սկիհը, խաչվառը, քշոցը, բուրվառը, աշտանակները, գրակալը և այլն:
Ծեսի միջոցով հավատացյալն առավել անմիջական է ապրում կատարվող խորհուրդը: Սկսած եկեղեցու զանգերի ղողանջումից, վերջացրած քահանայի վերջին օրհնությամբ և արձակմամբ՝ հավատացյալը գտնվում է բազմաթիվ հոգևոր խորհրդանիշների միջավայրում, որոնց ազդեցությամբ առավել խորն է ապրում իր աղոթքն ու պաշտամունքը:
Ողջ ծիսական սպասքն ու անոթները ունեն որոշակի իմաստ և խորհուրդ: Նրանցից յուրաքանչյուրը օրհնվում է հատուկ արարողությամբ և, իբրև սրբություն, երբեք չի գործածվում որևէ այլ նպատակով: